Ինչպե՞ս են ներկայացվում ԼԳԲՏ անձինք մեդիայում

 

Լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանս (այսուհետ՝ ԼԳԲՏ) անձանց վերաբերյալ հրապարակումները հայաստանյան ԶԼՄ-ում և մեդիայում հաճախ դառնում են ամենադիտված և ռեյտինգային նյութերը, քանի որ դրանք հիմնականում սենսացիաներ են պարունակում (հաճախ՝ հորինված):

Այդ հրապարակումներում երբեմն աչքաթող են արվում լրագրողական էթիկայի, մարդու անհատական իրավունքների պահպանման, անձնական կյանքին չխոչընդոտելու նորմերը:  Մեդիան կատարում է նաև կրթելու, քարոզելու գործառույթ, և, չպահպանելով վերոնշյալ նորմերը, փաստորեն գործիք է դառնում հասարակության շրջանում հոմոֆոբիա տարածելու գործում:

Հոմոֆոբիան, ըստ «Նոր սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպության (այսուհետ՝ «Նոր սերունդ» ՀԿ) պատրաստատծ եզրութաբանական ձեռնարկի, վախն է, որը դրսևորվում է ագրեսիայի, անհանդուրժողականության և ատելության տեսքով՝ ուղղված նույնասեռականության և/կամ նույնասեռական անձանց նկատմամբ:

Իրավապաշտպան Արման Ղարիբյանի կարծիքով՝ հայաստանյան ԶԼՄ-ները ԼԳԲՏ անձանց անդրադառնում են հիմնականում կա՛մ բացասական համատեքսում՝ բացահայտ ծաղրելով, կա՛մ միջազգային լրատվադաշտից թարգմանված նյութերում. «Միջազգային լրահոսից վերցրած նյութերը հիմնականում չեզոք են և չեն պարունակում վիրավորական արտահայտություններ, իսկ տեղական լրահոսում կարելի է մատների վրա հաշվել այն ԶԼՄ-ներին, որոնց հրապարակումներում չես գտնի մարդու իրավունքների խախտում, կամ ատելության կոչ ու խտրականություն»:

«Նոր սերունդ» ՀԿ-ը Հայաստանում ԼԳԲՏ+(նաև՝ ինտերսեքս, քվիր) անձանց իրավունքների գրագետ լուսաբանման խթանման նպատակով պատրաստել է եզրութաբանական ձեռնարկ լրագրողների և բլոգերների համար, որում ներկայացված են ԼԳԲՏ պատշաճ (որոնք իրավական և գիտական առումով ճիշտ են), անցանկալի (հաճախ՝ չվիրավորող, բայց շփոթություն առաջացնող և բացասական երևույթների հետ ասոցացվող) և անթույլատրելի (ոչ միայն խտրական, վիրավորող և նվաստացնող, այլև հոմոֆոբիա և այլատյացություն սերմանող) արտահայտությունների և եզրույթների ցանկ: Ստորև ներկայացվող հրապարակումները կքննենք ըստ այդ ցանկի:

2016 թվականի փետրվարի 19-ին «ATV» հեռուստաընկերության «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ընթացքում (հղումը՝ այստեղ), որը պատմում էր նույնասեռական Էդգար Նահապետյանի մասին, հաղորդման հյուր, փաստաբան Գարիկ Գալիկյանն այսպես է արտահայտվում.«Միշտ պայքարել եմ իրանց դեմ, պայքարում եմ ու պայքարելու եմ, երբ տեսնեմ, տրորելու եմ, ոտնատակ եմ տալու,  ու պետք է վառել»: Նույն հաղորդման ընթացքում հոգեբան Մարիամ Մեհրաբյանը ակնարկում է, թե նույնասեռականությունը հիվանդություն է, և այն խանգարում է ապրել լիարժեք:

Հաղորդավար Գոռ Հակոբյանը «ANTIVIRUS» հաղորդաշարի 01.06.2014թ. հաղորդման ընթացքում (հղումը՝ այստեղ) խոսում է գեյերի մասին՝ նրանց դիմելով անթույլատրելի գոմիկ բառով: Եթերն ամբողջովին ողողված է վերջիններիս հանդեպ վիրավորական, անհանդուժող խոսքերով: Անդրադարձ կա նաև այն հայտնի միֆին, ըստ որի գեյերն անպայման հագուկապով, ձայնով, ժեստերով տարբերվում են տարասեռական (հետերոսեքսուալ) կողմնորոշում ունեցող տղամարդկանցից:

ԼԳԲՏ անձանց վերաբերյալ եզրույթների սխալ գործածությունները եթերում այսքանով չեն ավարտվում: Օրինակ՝   «Կարգին Սքեչ Շոուի» 21.10.2013-ին հրապարակված սքեչը (հղումը՝ այստեղ) կոչվում է հենց «Գոմիկ»: Այս սքեչում ևս գեյը ներկայացվում է հետերոսեքսուալ տղամարդուց տերբերվող շարժուձևով, հագուկապով, ժեստերով: Այսինքն՝ այս ու նման հրապարակումներում չկա սեռական կողմնորոշումների (այս դեպքում՝ տրանս անձանց և գեյերի) հստակ տարբերակում:

Նույն խնդիրը կա նաև «Կարգին հաղորդման» «Գալուբոյ» անունը կրող սքեչում (հղումը՝ այստեղ): Այտեղ գեյերին դիմում են անթույլատրելի գալուբոյ բառով, կա նաև հոմոֆոբիայի բացահայտ դրսևորում.«Ապեր, գալուբոյների դեմ սենց լավ դանակներ ունենք, սենց լավ վինչեսթերներ ունենք… »:

«Armenia» հեռուստաընկերության «Full house» սիթքոմի մի սերիայում (հղումը՝ այստեղ) ևս անդրադարձ կա գեյերին: Սերիայում հնչում են այսպիսի մտքեր՝ «Դրանք մթի վրա են գալիս», «Սրանց օգտագործած ամբողջ սպասքը հավաքում ես, տանում քցում ես աղբը»:

ԼԳԲՏ եզրույթների սխալ գործածություններից շարունակում է գերիշխող մնալ ոչ ավանդական սեռական կողմնորոշումը՝ նույնասեռականության փոխարեն (https://armenpress.am/arm/news/666242/hayery-och-avandakan-serakan-koxmnoroshum-unecox-andzanc.html , http://www.1in.am/259480.html ևն): Թեև 1993թ.-ին Առողջապահության միջազգային կազմակերպությունը նույնասեռականությունը հանեց  հոգեկան հիվանդությունների շարքից, բայց քիչ չեն հրապարակումները, որտեղ այն շարունակվում է ներկայացվել որպես հիվանդություն, որը նաև հնարավոր է

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի («Փինք Արմենիա») տնօրեն Մամիկոն Հովսեփյանը կարծում է, որ մեդիայում ԼԳԲՏ անձանց վերաբերյալ հիմնականում ատելության կոչեր են, տարածված է ապատեղեկատվությունը: Ըստ նրա՝ չկա նաև սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության տարբերակում, ինչն էլ հաճախ դառնում է էթիկապես սխալ պատրաստված նյութերի պատճառ.«Պետք է նշել նաև, որ կան լրագրողներ, ովքեր տիրապետում են ԼԳԲՏ անձանց վերաբերյալ լուսաբանման էթիկային, սակայն այդ նյութերը չեն հրապարակվում անանկախ լրատվամիջոցի պատճառով»:

Մամիկոն Հովսեփյանը ապատեղեկատվության տարածման պատճառ է համարում նաև լրագրողների կողմից ոչ ճիշտ ընտրված լուսանկաը կամ վերնագիրը.«Նյութը կարող է համապատասխանել էթիկական բոլոր նորմերին, բայց մի սխալ ընտրված լուսանկարի կամ վերնագրի պատճառով բովանդակությունը կարող է աղավաղվել»:

Այս թեմայով