Ինչու է Նիկոլ Փաշինյանը քվեարկելու իշխանության թեկնածուի օգտին

նիկոլ փաշինյան7Պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մարդու իրավունքների պաշտպանի իր նախընտրելի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն էր, և ցավում է, որ չլինելով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ Փոստանջյանի օգտին քվեարկելու հնարավորություն չի ունեցել: Այնուհետև հայտնեց իր կարծիքը մարդու իրավունքների պաշտպանի միակ թեկնածու Արման Թաթոյանի մասին:

Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ նա իշխող կուսակցության առաջադրած թեկնածուն է, աշխատում է արդարադատության նախարարությունում և նրան կարելի է համարել «իշխանության մարդ»:

Փաշինյանն ասաց, որ թվում է, թե այս տեղեկատվությունը պետք է կանխորոշեր իր քվեարկությունը և միանշանակ պետք է դեմ քվեարկեր առաջադրված թեկնածուին: Բայց կա մի վիճակագրություն, որը պատգամավորին ստիպում է մտածել իր քվեարկության մասին: Ըստ նրա՝ երբ 2004թ.-ին Մարդու իրավունքների պաշտպան նշանակվեց Լարիսա Ալավերդյանը, բոլորը գիտեին և համոզված էին, որ նա իշխանությունների մարդն է: Դրա համար կար երկու փաստարկ. Նախ,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «իշխանության մարդ» չհանդիսացող անձին չէր նշանակի Մարդու իրավունքների պաշտպան, երկրորդ՝ Լարիսա Ալավերդյանը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ ուներ համագործակցության փորձ:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Լարիսա Ալավերդյանը հայտնի դարձավ մի շարք սկզբունքային դիրքորոշումներով և իր գործունեության ընթացքում կարողացավ ապացուցել, որ ինքը հաղթահարել է այդ կանխավարկածը, թե ինքը «իշխանությունների մարդն է և կամակատարը»:

Նիկոլ Փաշինյանը, շարունակելով հրապարակել իր վիճակագրական տվյալները, նշեց, որ 2006թ.-ին քաղաքական մեծամասնության կողմից մարդու իրավունքների պաշտպան ընտրվեց Արմեն Հարությունյանը, ով շատ ավելի մեծ պիտակ ուներ իր վրա՝ «իշխանության մարդ» լինելու հարցում: Սակայն 2008թ.-ին Ա. Հարությունյանը մի քայլ է արել, որը անսպասելի է եղել բոլորի համար:

«Նա հանդես եկավ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ բավականին օբյեկտիվ զեկույցով: Սրա արդյունքում Ռոբերտ Քոչարյանի կողմից նա որակվեց որպես իր ամենաանհաջող կադրը և քաղաքական պրոցեսների, հակասությունների արդյունքում ստիպված եղավ հրաժարական տալ»,-ասում է Ն. Փաշինյանը:

Հերթը հասավ մոտ մեկ ամիս առաջ հրաժարական ներկայացրած Կարեն Անդրեասյանին, ով ընտրվել էր 2011թ.-ին: Ըստ Փաշինյանի՝ նա ևս ակնհայտ կապեր ուներ իշխանության հետ, շատ կոնկրետ ներկայացուցիչների հետ:

«Բայց հիմա պետք է արձանագրեմ, որ հատկապես վերջին 3 տարիներին Կարեն Անդրեասյանը բարձր մակարդակով իրականացրեց Մարդու իրավունքների պաշտպանի իր աշխատանքը և ի վերջո ստիպված էր հրաժարական տալ, որովհետև իշխանությունը նրան օմբուդսմեն էր նշանակել, որ նա վարի իշխանությանը հաճո գործունեություն, բայց Կարեն Անդրեասյանը դրական առումով շեղվեց այդ գործունեությունից»,-ավելացրեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատ մեծ քննադատություն ունի թե՛ Արմեն Հարությունյանի և թե՛ Կարեն Անդրեասյանների հրաժարականների փաստով:

Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է կողմ քվեարկի առաջադրված թեկնածու Արման Թաթոյանի օգտին՝ առաջնորդվելով վստահության կանխավարկածով:

Դիտվել է 128 անգամ
 


Այս թեմայով