Ինչու են Հայաստանի ոխերիմ «բարեկամները» այցելել Լելե Թեփե

Երեկ ադրբեջանական լրատվականները մեծ ոգևորությամբ տարածեցին լուրեր այն մասին, որ մի քանի ռուս պատգամավորներ ու հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ են տվել խրամատներում։ Հայտարարություններում հնչել են այնպիսի ապակառուցողական հայտարարություններ ինչպիսիք են օրինակ․ «Ռուսաստանի միակ դաշնակիցը ռեգիոնում Ադրբեջանն է», «Ղարաբաղն Ադրբեջանի մասն է», «Ադրբեջանին պետք է վաճառել այնքան զենք, որքան պետք է» և այլն։

Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւը, Միասնական Ռուսաստան կուսակցության պատգամավոր Ալեքսեյ Եզուբովը, Եվրասիական միջազգային շարժման տխրահռչակ առաջնորդ Ալեքսանդր Դուգինը,  հասարակական գործիչ Մաքսիմ Շեւչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և այլոք։

Այս գործիչները, առաջին անգամ չէ, որ աչքի են ընկնում իրենց հակահայ գործունեությամբ ու ակնհայտ է, որ սրանք սնվում են ադրբեջանական նավթադոլարներով։ Սակայն հատկանշականն այն է, որ ՌԴ իշխանությունները նույնիսկ չեն էլ փորձում կանգնեցնել իրենց պաշտոնյաներին, որոնք ակնհայտ խալխլում են հայ-ռուսական «բարեկամական» հիմքերը։ Իսկ ինչո՞ւ են այս փուլում ակտիվացել այս տխրահռչակ գործիչները։ Պատասխանն ակնհայտ է։ Ալիևը փորձում է ադրբեջանական լոբբիստների միջոցով ապացուցել, որ Ադրբեջանը կարող է Ռուսաստանի համար լինել ավելի լավ դաշնակից։ Ու այս ամենը երևում է նաև ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներում, որոնցում ադրբեջանական ԶԼՄ-ները փորձում են ցույց տալ, որ ՀՀ նոր իշխանությունները հակառուսական են և ուշ թե շուտ դավաճանելու են Ռուսաստանին։

Իսկ ինչու այս ամենին չի արձագանքում մեր ԱԳՆ-ն։ Սա լուրջ հարց է և պետք է բողոքի նոտա հղել ՌԴ-ին ու նրանց հասկացնել կամ բացատրել, թե որն է իրական բարեկամությունն ու ռազմավարական դաշնակցությունը, որ դա միայն բարձր մակարդակով հայտարարություններ անելով չէ, այլ իրական քայլեր են պետք բարեկամությունն ու ռազմավարական դաշնակցությունն ապացուցելու համար։

 

Այս թեմայով