Ինչու՞ Հունան Պողոսյանը. մեկնաբանում է Փաշինյանը

Այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է՝ ինչու է որոշել Սյունիքի մարզպետ նշանակել հենց Հունան Պողոսյանին։

Հիշեցնենք, վերջինը նախկին իշխանությունների ժամանակ Հայաստանի փոխոստիկանապետն էր և նրա նշանակման դեմ արդեն երկու օր է բոողքի ակցիաներ են իրականացվում Սյունիքի մարզում, փակվել էր նույնիսկ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը։

«Սյունիքը այսօր Հայաստանի խոշոր արդյունաբերական կենտրոններից է, ունի ստրատեգիական նշանակություն», — նշանակման պատճառներից մեկը ներկայացրեց Փաշինյանը։

Մյուս պատճառը, որն իր խոսքով, անհանգստացնում է իրեն, թմրամիջոցների փոխադրումն է ու դրա հնարավոր զարգացումը։

«Ցավոք սրտի, Սյունիքում շատ հաճախ արձանագրվում են թմրամիջոցների խոշոր խմբաքանակների ներհոսք դեպի Հայաստանի Հանրապետություն։ Եվ այդ թմրամիջոցների մի մասը դուրս է գալիս Հայաստանով՝ վտանգելով մեր երկրի հեղինակությունը և մյուս մասը մնում է Հայաստանում՝ վտանգելով մեր երիտասարդությանը։ Ինձ համար հատուկ կարևորագույն խնդիր է՝ ջարդել նարկոթրաֆիքի ողնաշարը։ Միամտություն կլինի կարծել, թե դրանով միայն օտարերկրացիներն են զբաղվում։ Այդ օտարկերկրացիները չեն կարող գործել, եթե տեղում գործակիցներ չունենան», — հայտարարեց Փաշինյանը։

Բացի այդ, ըստ վարչապետի պաշտոնակատարի, օլիգարխիայի գոյության իմաստով ամենառիսկային մարզը Սյունիքի մարզն է։

«Այսօր Կապանում զբոսանքի ժամանակ մոտենում էին քաղաքացիներ ու ասում, որ այստեղ փորձ է արվում վերականգնել օլիգարխիական հին տրամաբանությունը։ Մոտենում են մարդիկ, ահազանգում են, որ ցավոք սրտի այստեղ շարունակում է մնալ կրիմինալի ազդեցությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ազատագրված Սյունիքում այսպիսի երևույթները զարգանան։ Եվ երբ մտածել եմ Սյունիքի մարզպետի թեկնածության մասին, իմ պատկերացումը եղել է հետևյալը՝ այդ մարդը պետք է լինի զինվորական բարձրագույն կոչում ունեցող մարդ, որ կարողանա ի վիճակի լինի ոտքերի վրա պինդ կանգնել, այս արատավոր երևույթների դեմ հստակ կանգնել ու անհրաժեշտության դեպքում, ձեռքը խփել սեղանին», — հայտարարեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի մասին մտածելիս ինքը կանգ է առել Հունան Պողոսյանի թեկնածության վրա։ Վարչապետի պաշտոնակատարը նույնիսկ հիշեց, որ Պողոսյանին վերջին անգամ տեսել է ճաղերից այն կողմ, անազատության մեջ։

 11

Այս թեմայով