Ինչու՞ ազատ չի արձակվում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը

Փոխված իրողությունների պայմաններում էլ հասարակական-քաղաքական դաշտը շարունակում է քննարկել, թե ինչու՞ ազատ չի արձակվում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը: Նա մի քանի տարի է ինչ գտնվում է բանտում: Շանթ Հարությունյանը բանտում է հայտնվել Սերժ Սարգսյանի իշխանության ընթացքում և հիմա շատերի համար անհասկանալի է, թե ինչու՞ է նա շարունակում մնալ բանտում, երբ Սարգսյանի իշխանությունն այլևս անցյալ է:

Երեկ այս խնդրի մասին ֆեյսբուքյան իր էջում անդրադարձ էր կատարել նաև Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նա մասնավորապես գրել էր. «Նիկոլ Փաշինյանը 5 տարի շարունակ հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է։ Դուրս եկավ փողոց, հայտարարեց, որ իշխանափոխությունից հետո երկրում չի լինի կոռուպցիա, ամենաթողություն և քաղբանտարկյալները և մասնավորապես՝ անվանապես նշելով՝ Շանթ Հարությունյանը պետք է օր առաջ ազատ արձակվեն։
Գնացինք, կողքը կանգնեցինք. Եկավ իշխանության։

Սկսեց պայքար ընդդեմ կոռուպցիայի, ընդդեմ ամենաթողության և սկսեց պատժել հանցագործներին։ Լավ է։ 
Իսկ որտե՞ղ է Շանթ Հարությունյանը։ Այն նույն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը։ Մարդ, ով առաջինը դուրս եկավ փողոց՝ արժեքների հեղափոխության։

Շանթ Հարությունյանը չէր հավատում ընտրությունների միջոցով իշխանության փոփոխությանը, քանի որ բոլոր ընտրությունները կեղծվում էին։ Իսկ հիմա՞։ Իշխանություն է փոխվել, բայց կրկին անգամ Շանթ Հարությունյանը չի մասնակցի ընտրություններին, քանի որ նոր իշխանությունները չեն ցանկանում քաղբանտարկյալին ազատել՝ այդպիսով մեկուսացնելով Շանթ Հարությունյանին և իր գաղափարախոսությանը»,- գրել էր Շահեն Հարությունյանը՝ ավելացնելով.«Հարգելի’ Նիկոլ Փաշինյան։ Դուք լավ գիտեք, որ ես կարողանում եմ հայտնվել այնպիսի վայրերում, որտեղ չէր ցանկանա տեսնել ոչ մի իշխանություն։ Հիշու՞մ եք Հայաստան֊Պորտուգալիա խաղը։ Հենց դուք եկաք ինձ տեսնելու ոստիկանության բաժնում։ Հիշու՞մ եք Հռոմի Պապի այցը Հայաստան՝ Գյումրի։
Առջևում կարևոր աշուն է, պարո՛ն Փաշինյան»։ 

Այս թեմայով