Ինչո՞ւ չեն գալիս ներդրողները

«Հրապարակ»-ն իր խմբագրականում գրում է. «Երբ ծրագրում ես «տնտեսա­կան հեղափոխություն» անել և ցանկացած առիթն օգտագործում ես ներդրողներին Հայաստան հրավիրելու համար, անգամ նեղվում ես, թե ինչու ներդրումներ չեն հոսում դեպի Հայաստան, պետք է հասկանաս դրա պատճառները:

Դրանց մի մասը, իհարկե, օբյեկտիվ են՝ չավարտված պատերազմով, ռուսական ներկա­յությամբ, ինֆրաստրուկտուրաների անկատարությամբ՝ պետա­կան ապարատի կոռուպցիայով ու բյուրոկրատացմամբ պայմանավոր­ված: Բայց կան նաև սուբյեկտիվ՝ հեղափոխությունից հետո ծագած խնդիրներ, որոնք մեծապես վնասում են տնտեսական աճին և մեր երկրի բարի համբավին: Դա հիմնականում օտարերկրյա կապիտալով կամ միջա­զգային դոնորների մասնակցությամբ իրականացվող պրոյեկտների հետ է կապված: Ոչ մի նորմալ բիզնեսմեն և խոշոր ընկերություն չի գա մի երկիր, որտեղ կա «Լիդիան Արմենիա»-ի, «Սանիթեք»-ի, «Վեոլիա ջրի», «Հարավկովկասյան երկաթուղու», «Թե­ղուտի» և շատ այլ ընկերությունների «պատմական փորձը»:

Ընկերություն­ներ, որոնք լուրջ խնդիրներ ունեն «Նոր Հայաստանում», և այդ խնդիրները չեն լուծվում օրենքի և տրամա­բանության շրջանակներում: Ընկերություններ, որոնք մեծ գումարներ են կորցրել այս ամիսներին, հայտնվել իրավապահների տեսադաշտում, սահմանափակումների ենթարկվել:

Ընկերություններ, որոնք չգիտեն՝ չեն կարողանում պարզել, թե ՀՀ կառա­վարությունն ինչպես է պատկերաց­նում իրենց հետագա ճակատագիրը Հայաստանում, խաղի ինչ կանոններ է սահմանել, և կարողանալու են արդյոք իրենք շահույթ ապահովող գործունեություն ծավալել, թե մի օր վաճառելու կամ հանձնելու են իրենց ունեցվածքը և ձեռնունայն հեռանան մեր երկրից: ՀՀ կառավարության ներ­կայացուցիչները նրանց հոդաբաշխ պատասխաններ չեն տա­լիս, նրանց հետ չեն աշխա­տում, նրանց խնդիրների լուծմամբ չեն զբաղվում»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով