Ինչո՞ւ հրաժարական տվեց Աղվան Հովսեփյանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իրավապահ համակարգում հրաժարականների շարք է սկսվել: Նախորդ շաբաթ հրաժարական ներկայացրին ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Երեկ իր հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Այս վերջին դեպքն ինքնին ուշագրավ է, քանի որ Աղվան Հովսեփյանը եղել է նորանկախ Հայաստանում լուրջ դերակատարություն ունեցած գործիչներից մեկը: Նախ` ժամանակին լինելով դատախազ` նա առնչվել է 1988թ. Ղարաբաղ կոմիտեի անդամների դեմ հարուցված քրեական գործին: Բայց Աղվան Հովսեփյանի դերակատարությունն ահռելի էր հատկապես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Նա ՀՀ գլխավոր դատախազն էր, ասել է թե` եղել է մարտի 1-ի շինծու քրեական գործի ճարտարապետներից մեկը:

Պատահական չէ, որ հենց Հովսեփյանը շրջանառության մեջ դրեց թեզը, թե ընդդիմության լիդերները ժողովրդի նկատմամբ հոգեբանական դիվերսիա են իրականացրել, «զանգվածային հոգեխանգարմունքի մեջ գցել» մարդկանց: Եւ հիմա Աղվան Հովսեփյանը մեկն է այն անձանցից, որոնք պատասխանատվություն են կրում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքների եւ կեղծ ապացույցների հիման վրա հարուցված քրեական գործերի համար, գործեր, որոնք փլուզվեցին դատարանում: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվել է մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը, Հովսեփյանի հրաժարականը պատահական չէ. չի բացառվում, որ կապված է այդ հանգամանքի հետ: Հանուն արդարության մեկ փաստ էլ. Աղվան Հովսեփյանը, դառնալով ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ, համեմատաբար ավելի դրական լույսի ներքո էր գործում:

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 


Այս թեմայով


Politik.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache