Ինչո՞ւ է գաղտնի պահվում Սերժ Սարգսյանի հանգստի վայրը

Ինչո՞ւ է գաղտնի պահվում Սերժ Սարգսյանի հանգստի վայրըՄինչ օրս նախագահականը երբեք պաշտոնապես չի հրապարակել, թե Սերժ Սարգսյանը քանի օր և որտեղ է հանգստանում: 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանը երեկ հերթական անգամ մեկնեց արձակուրդ, և, ինչպես միշտ, պաշտոնական հաղորդագրությունում հանդիպում ենք հետևյալ ձևակերպմանը՝ «…մի մասը կանցկացնի արտերկրում»:

Նկատենք, որ մինչ օրս նախագահականը երբեք պաշտոնապես չի հրապարակել, թե Սերժ Սարգսյանը քանի օր և որտեղ է հանգստանում: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդ գաղտնապահությունը անվտանգության նկատառումներով է արվում: Սակայն իրականում, թերևս, անվտանգության խնդիր գոյություն էլ չունի, քանի որ Սերժ Սարգսյանի համար վտանգավոր անձինք առանց պաշտոնական հայտարարությունների էլ կկարողանան այժմյան տեխնիկայի պայմաններում ճշտել, թե նա երբ և որտեղ է լինում: Մինչդեռ ՀՀ քաղաքացին իրավունք ունի իմանալու, թե այն անձը, որին ինքը կարգել է նախագահ, և որը հարկատուների հաշվին ապրում ու գործում է, որտեղ է իր հանգիստն անցկացնում: Իսկ այն փաստը, որ ամեն անգամ գաղտնի է պահվում Սերժ Սարգսյանի հանգստի վայրի մասին տեղեկությունը, թերևս բոլորովին այլ պատճառներ ունի: Բանն այն է, որ այդ հարցի պատասխանն իմանալուց հետո լրագրողներն անմիջապես կհետաքրքրվեն, թե ինչով է նրան գրավել այդ վայրը:

Նկատենք, որ մինչ օրս Սերժ Սարգսյանը գերադասել է մշտապես հայտնի խաղատների շրջակայքում հանգստանալ. այդ մասին բազում հրապարակումներ են եղել: Ու թերևս նման հեռանկարի վախն է իշխանական քարոզչության պատասխանատուներին ստիպել հանգստավայրի անունը գաղտնի պահել:

Իհարկե, լրատվամիջոցներն ամեն դեպքում իմանում են, թե Սերժ Սարգսյանն իր հանգիստը որտեղ է անցկացրել, քանի որ սովորաբար ծախսերը հոգացած որոշ գործարարներն իրենք են հպարտացել՝ այդ մասին ինչ-որ պատմություններ տարածելով: Հ.Գ. Երեկ արդեն «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Սերժ Սարգսյանը արձակուրդն անցկացնելու համար մեկնել է Շվեյցարիա: և այստեղ մի բնական հարց է առաջանում՝ հանգստյան վայրի մասին տեղեկությունը գաղտնի եք պահում, որ ի՞նչ անեք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 196 անգամ
 


Այս թեմայով