Ինչն է խանգարում կառավարության իմպիչմենթին

KaravarutyunԱԺ ոչ իշխանական խորհրդարանական չորս ուժերը երեկ դեռ գլուխ չբերեցին կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը:

Չորս խմբակցությունների ներկայացուցիչների հրավիրած 1,5 ժամանոց համատեղ փակ նիստից հետո հայտարարվեց, որ դեռեւս կառավարության իմպիչմենթի որոշում չի կայացվել:

Նիստին ներկա ԲՀԿ խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը եւ Արամ Մանուկյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին, իբրեւ «հյուրընկալող կողմ», ուղարկեցին լրագրողների հարցերին պատասխանելու: Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ՀԱԿ-ինն ու ԲՀԿ-ինն է, իսկ ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» «հյուրընկալող կողմեր» են:

Որոշում չի կայացվել, որովհետեւ Ռուբեն Հակոբյանն ասում էր, որ հնարավոր չէր մեկ օրում քննարկել բոլոր կողմերի ներկայացրած նախագծերը, որոնք պետք է ընդունել որպես կառավարության հրաժարականի պահանջի հիմք: Առաջիկա օրերին կայանալիք իրենց մյուս աշխատանքային հանդիպման ժամանակ, ըստ ամենայնի, վերջնական որոշումը կկայացնեն: Հակոբյանը չբացառեց, որ փետրվարի 24-ին մեկնարկելիք քառօրյայում արդեն ընդդիմադիրներն առաջարկով հանդես կգան:

Ռուբիկ Հակոբյանն այդուհանդերձ վստահեցնում է, որ չորս ուժերի մոտ էլ կար ընդգծված  ցանկություն, դիրքորոշում, որ կարողանան միասին այս ձեւաչափով ունենալ միասնական նախագիծ: Վարչապետի թեկնածուների եւ կողմերի ներկայացրած նախագծերի վերաբերյալ Հակոբյանը չցանկացավ մանրամասնել, իսկ քննարկման մասնակիցները՝ ինչպես իրենք, այնպես էլ իրենց բջջայինները պարտիզանական կեցվածքով ողջ օրը բոյկոտեցին լրագրողներին:

Իրականում տեղեկություններ կան, որ որոշումը չի կայացել ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» պատճառով: ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»՝ յուրաքանչյուրն իր պատճառներով, այժմ դեմ են կառավարությանն անվստահություն հայտնելուն: Մեկը փուլային իշխանափոխություն է ցանկանում, մյուսը՝  համակարգային, թեպետ դրանից խնդրի էությունն առանձնապես չի փոխվում: Թվում է, թե «Ժառանգության» համար կառավարությանն անվստահություն հայտնելու հարցում որեւէ խնդիր չպետք է լիներ, իրենց ներկայացուցիչները հրապարակավ միշտ էլ քննադատել են կառավարությանն ու Տիգրան Սարգսյանին: Բայց  քաղաքական վերջին գործընթացներն ակնհայտորեն խառնել են քաղաքական բոլոր ուժերի խաղաքարտերը,  եւ «Ժառանգությունում» լուրջ կասկածներ ունեն, որ այս նախաձեռնությունը տեղավորվում է միայն Քոչարյանի վերջին ակտիվության տրամաբանության շրջանակներում, իսկ իրենց էլ մասնակից են դարձնում, այսպես ասած, քոչարյանական խաղին: Այդ պատճառով այստեղ ցանկանում են լավ ծանրութեթեւ անել, որպեսզի ներկայացվող համատեղ նախագիծը որեւէ կերպ առնչություն չունենա հիշյալ անձին: Այս համատեքստում, իհարկե, զարմանալին ՀՅԴ վարքագիծն է: Թվում է, որ քոչարյանական որեւէ նախաձեռնության մեջ այս կուսակցությունն առանձնակի շահագրգռվածություն պետք է ցուցաբերի, սակայն ՀՅԴ-ն իրեն բնորոշ զգուշավորությունն է ցուցաբերում, հատկապես այժմ, երբ իր պոչն իշխանության ոտքի տակ է, եւ իր շարքերից դեսպաններ ունի:

ՀՅԴ-ն չի ցանկանում հարաբերությունները փչացնել իշխանության հետ, մանավանդ, որ վստահ չէ, թե Քոչարյանի վերադարձը որքանով է առարկայական: Ինչպես վարչապետի պաշտոնանկության նախաձեռնությունը, այնպես էլ Քոչարյանի վերադարձը կարող են տապալվել, եւ դա հաշվի առնելով՝ դաշնակցականները, թերեւս, չեն ուզում վտանգի տակ դնել ունեցածը:

Բայց այս նախաձեռնությունը, հասկանալի պատճառներով, մերժել էլ չեն կարող, այդ դեպքում ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կշահարկեն, որ միայն իրենք են ռեալ ընդդիմադիրները:

Ի՞նչը կարող է խանգարել, որ այս հարցում համաձայնություն չկայացվի՝ երեկ հարցրինք «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանին, ով չկարողացավ հարցին պատասխանել՝ պատճառաբանելով նիստին ներկա չլինելու հանգամանքը: Նա նաեւ ասաց, որ իրենց կուսակցությունում անձի խնդիր չի քննարկվել, թե ով կարող է փոխարինել, այլ կարեւորը մոտեցումն է: ՀԱԿ-ից Լյուդմիլա Սարգսյանն էլ նույն պատասխանը տվեց ու այդքանով սահմանափակեց զրույցը:

Կկարողանա՞ն ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» համոզել ՀԱԿ-ին եւ ԲՀԿ-ին կրկին հետաձգել այս նախաձեռնությունը եւ չընդգրկել հաջորդ քառօրյայի օրակարգ, կերեւա առաջիկայում:

 

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

 


Այս թեմայով