Ինչի՞ համար պետք է ներողություն խնդրի Սերժ Սարգսյանը

5-11_0Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել Էկոնոմիկայի նախարարությունում, և ինչպես արդեն ավանդույթ  է  դարձել, բացի ոլորտին վերաբերող հարցերից,   հնչել են` արտաքին և ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Ընդհանրապես Սերժ Սարգսյանի նման այցելությունները պետական գերատեսչություններ հասկացնել են տալիս, որ նա ոչ թե գնում է տվյալ գերատեսչության հետ կապված հարցեր քննարկելու, այլ դա իր համար հարթակ է հասարակությանն  իր տեսակետները  հայտնելու համար:

Մի կողմից լավ է, որ երկար ամիսներ նախագահականի պատերից դուրս չխոսող Սերժ Սարգսյանը որոշել է խոսել, սակայն վատ է, որ իր այդ ելույթները երկրում դրական փոփոխությունների հիմք չեն տալիս: Երեկ Սերժ Սարգսյանը  վստահեցրեց հասարակությանը, որ կենսաթոշակային ոլորտին վերաբերող  վերջին  բարեփոխումներն, արդեն իսկ, ունեն իր «դաբրոն», և իրենք անելու են ամեն ինչ,  որպեսզի հասարակության «վզին փաթաթեն»  այդ որոշումը:

Խորհրդակցության ընթացքում Սերժ Սարգսյանը մի ուշագրավ միտք է արտահայտել` նա մասնավորապես ասել է .«Անկեղծորեն ասած, ես շատ դեպքերում անհարմար եմ զգում, ամաչում եմ և նույնիսկ կարծում եմ՝ տեղն է, ժամանակն է ներողություն խնդրելու այդ մարդկանցից»: Մի կողմից լավ է, որ գոնե ինչ- որ հարցի համար Սերժ Սարգսյանը գիտակցում է , որ պետք է ներողություն խնդրի, սակայն այստեղ կա մի նրբություն` սա ամենափոքր հարցն է, որի համար նա պետք է ներողություն խնդրի:

Առաջին հերթին Սերժ Սարգսյանը պետք է ներողություն խնդրի Մարտի մեկի զոհերի համար, կեղծված ընտրությունների համար, հազարավոր քաղաքացիների իրավունքների ոտնահարման համար, արտագաղթի համար, և վերջապես  Հայաստանը  Ռուսաստանին վաճառելու համար:

Այնպես որ, մեղմ ասած, տեղին չէ, երբ Սերժ Սարգսյանը ներողություն է խնդրում միայն թոշակառուներից` նա դեռ շատ ներողություններ ունի խնդրելու, որպես ՀՀ գործող նախագահ, իսկ երբ այդ ներողությունները խնդրի, գուցե արդեն նախագահ էլ  չլինի և այս հարցի համար ներողություն խնդրի արդեն որպես նախկին նախագահ:

Բորիս Մուրազի

araratnews.am

Դիտվել է 108 անգամ
 


Այս թեմայով