Ինչի՞ համար էր պատերազմը. «Ժամանակ»

պատերազմ«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ներքին կյանքում Սանկտ Պետերբուրգի Սարգսյան-Ալիեւ հանդիպումն արտացոլվեց միայն Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալման կոնտեքստում, իսկ բովանդակային իմաստով սանկտպետերբուրգյան հանդիպումն ինչպես եւ Սարգսյան-Ալիեւ բոլոր գագաթնաժողովները, այն մնաց Հայաստանի ներքաղաքական կյանքին անհաղորդ, կամ ներքաղաքական կյանքը մնաց այդ հանդիպմանն անհաղորդ:

Հայաստանի քաղաքական ուժերը, դրանց հիմնական մասը, որ ներկայացված է խորհրդարանում, բացահայտորեն հրաժարվել են այդ հարցում որեւէ պատասխանատվությունից։ Այս հանգամանքը փորձ է արվում ներկայացնել որպես իշխանություններին չխանգարելու, միասնականության, համախմբման եւ այդ կարգի այլ բնորոշումների դրսեւորում, որոնք հատկապես բուռն վերելք ապրեցին ապրիլյան պատերազմի հիմքի վրա: Իրականում, սակայն, այդ ամենը ընդհանրացվում է մեկ բառով՝ արդարացում:

Հայաստանի քաղաքական ուժերն այդպիսով արդարացնում են իրենց ղարաբաղյան հարցում պատասխանատվությունից հրաժարվելու համար: Այդ պատասխանատվությունը բարդված է իշխանությունների վրա, եւ այստեղ հիմնական մոտիվն իհարկե ոչ այնքան չխանգարելն է, որքան չխառնվելը: Վերջին հաշվով, անգամ չխանգարելը պետք է ունենա հստակ ձեւակերպում: Այսինքն, չեն խանգարում ինչի՞ն, կամ, ի՞նչն է, որ կարող է առաջացնել խանգարելու կարիք: Ի վերջո, սա մի խնդիր է, որը չի կարող ապրիորի ենթակա լինել չխանգարելուն կամ չխանգարվելու ենթակա լինել: Վերջին հաշվով, խանգարել-չխանգարելը որոշելու համար պետք է հստակ գիտենալ, թե ինչին է, որ չես պատրաստվում կամ պատրաստվում ես խանգարել: Որովհետեւ, գուցե կա մի բան, որին պետք է խանգարել: Ավելին, գուցե իշխանություններն իրենք կարող են ուզենալ, ինչ-որ առումով, որ քաղաքական ուժերը խանգարեն իրենց, ընդդիմադիր ուժերը խանգարեն իրենց:

Եթե քաղաքական դաշտը սպասում է այս հարցում իշխանություններին, ապա ո՞րն է վստահությունը, որ իշխանություններն այս հարցում էլ չեն առաջնորդվի լոկ անձնական շահադիտական նկատառումով, ինչպես ներքին հարցերում: Այլապես այստեղ էլ տարօրինակ է ստացվում, որ ներքին հարցերում իշխանություններին չվստահող ուժերը արտաքին հարցերում չգիտես ինչու, ինչ հիմնավորումով վստահում են: Չէ՞ որ խնդիրը վերաբերում է պետության անվտանգությանը՝ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը ներառյալ: Ընդ որում, վերաբերում է ուղղության, որտեղ սխալներն ուղղելը արդեն կարող է չլինել միայն մեր ձեռքի գործը, միայն մեզանից կախված խնդիրը, ի տարբերություն ներքին հարցերի: Եվ ուրեմն, հենց այստեղ է, հատկապես ներկայիս փոթորկվող աշխարհում, ուժային կենտրոնների սրված դիմակայության պայմաններում, որ իշխանությանը չի կարելի թողնել իր պատասխանատվության հետ մենակ: Բայց, Հայաստանի քաղաքական ուժերը թողել են: Մինչդեռ թվում է, որ Հայաստանի քաղաքական դաշտի պահվածքում հենց սա պետք է լիներ ապրիլյան պատերազմի կարեւոր դասերից մեկը՝ բարձրացնել հասարակության վերահսկողությունը արտաքին քաղաքական գործընթացների վրա, նվազեցնելով դրանց հետեւանքով անվտանգության անակնկալները:

Վերջին հաշվով, անվտանգության սպառնալիքները սկսեցին երկրաչափական պրոգրեսիայով աճել այն բանից հետո, երբ հասարակական աչքի լիակատար չեզոքացմամբ՝ որը ապահովվեցին հենց քաղաքական ուժերը, Հայաստանի իշխանությունը պետությունը խցկեց ԵՏՄ: Դրանից հետո Հայաստանն ու Արցախը անվտանգության առումով աստիճանաբար ավելի ու ավելի մահաբեր սպառնալիքներով՝ մինչեւ քառօրյա պատերազմ, իրենց վրա զգացին հասարակական վերահսկողությունից դուրս արտաքին քաղաքականության ամբողջ ծանրությունը: Բայց Հայաստանի քաղաքական ուժերն այդ առումով կարծես թե չեն պատրաստվում փոխել իրավիճակը, ինչը նշանակում է, որ վաղ թե ուշ հասունանալու են նոր մարտահրավերները: Գուցե քաղաքական խմբերի հույսն այն է, որ եթե իրենք չեն կարողանում երկրի ներսում, ապա դրսից եկող այդ մարտահրավերները կկարողանան տապալել իշխանությանը եւ բացել ճանապարհը: Եթե անգամ այդ հույսն իրականանալի կամ իրատեսական է, ապա միեւնույն է դա գերվտանգավոր հույս է, որովհետեւ նման իրավիճակում որպես կանոն իշխանությունը տապալվում է ավելի ուշ, քան պետությունը: Կրկին, օրինակը ապրիլյան պատերազմ է, որից ակնառու է, որ այն թանկ կնստեր Սերժ Սարգսյանի վրա, եթե երիտասարդ եւ պատանի զինվորները չպահեին պետությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 104 անգամ
 


Այս թեմայով