«Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է կրթաթոշակով ապահովել «Լույս» հիմնադրամի 18 շահառուների

«Լույս» հիմնադրամի շահառուներից 18 հոգու «Իմ քայլը» հիմնադրամը կարողացել է ապահովել կրթաթոշակով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Կրթաթոշակը վերաբերում է միայն ուսման առաջին տարվան։

««Լույս» հիմնադրամի հույսով տարբեր միջազգային համալսարաններ ընդունված ուսանողներ 2-3 շաբաթ առաջ նամակով դիմեցին «Իմ քայլը» հիմնադրամին՝ աջակցություն ստանալու համար: Հիմնադրամը նոր ձևավորման փուլում է, տնօրենի մրցույթ ենք հայտարարել, շատ դժվար էր մեզ համար ֆինանսական միջոցներ գտնել, բայց հիմնադրամը այս ընթացքում փորձեց ամեն ինչ անել: Փորձեցինք կամուրջ դառնալ, գտանք գործընկերներ, ովքեր սիրով աջակցեցին 18 ուսանողների»,- նշեց Աննա Հակոբյանը:

Նրա խոսքով՝ «Իմ քայլը հիմնադրամին դիմել են «Լույս» հիմնադրամի 11 շահառուներ, իսկ մնացած ուսանողներին գտել է «Իմ քայլը» հիմնադրամը:

  «Մնացած շահառուներին ևս նամակներ ուղարկվել է, բայց արձագանք չի եղել»,- ասաց Ա. Հակոբյանը: Վարչապետի տիկինը տեղեկացրեց, որ վերջին տարում «Լույս» հիմնադրամը ունեցել է 48 շահառու՝ 24-ը Հայաստանից և 24 սփյուռքից:

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամը մայիսի 10-ին հայտարարել էր իր գործունեության դադարեցման մասին: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը հայտարարություն է տարածել, նշել, որ «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։

Այս թեմայով