Իմ Անիին սպանել են, բացեք դուռը

default«Ժամանակ» թերթը գրում է. «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի հարեւանները շոկի մեջ էին եւ դժվարանում էին գտնել որեւէ տրամաբանական վարկած, ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ:

53-ամյա Անիի հարեւանները մեզ հետ զրույցում միայն դրական էին արտահայտվում նրա մասին: «Շատ դրական մարդ էր, բոլորին շատ հարգում էր, կիրթ էր, քաղցրալեզու, միշտ բարի խորհուրդներ էր տալիս: Ոնց ասեմ՝ կյանքում էս բակում մեկի հավին քշա չէր ասել»,- մեզ հետ զրույցում պատմեց նույն հարկի բնակչուհի տիկին Ջուլիետան:

Նա դեպքի մասին ոչինչ չէր լսել, ոչ էլ աղմուկ էր լսել, ու որեւէ արտառոց բան չէին նկատել նախորդ օրերին: Միայն փրկարարների ու ոստիկանության բազմությունից էր հասկացել, թե ինչ է կատարվել:

9-րդ հարկի բնակչուհի տիկին Սվետան պատմեց, որ առաջինը Անիի մայրն է եկել Աշտարակից: Շատ անհանգիստ տոնով հարեւաններին դժգոհել է, թե Անիին զանգում է՝ չի պատասխանում, եւ պնդել է, որ Անին տանն է, ու հարեւաններին խնդրել է դուռը բացել:

«Շատ անհանգիստ էր մայրը: Ասում էր՝ դուռը բացեք, իմ Անին ներսում է, իմ Անիին սպանել են»,- պատմեց տիկին Սվետան: Երբ մայրը շատ է համառել, փրկարարներ են եկել ու ոստիկանության համաձայնությամբ բացել են դուռը. պարզվել է, որ մայրը իրավացի էր:

Հարեւանուհիները պատմեցին, որ Անին 15-րդ թաղամասի «Բանկի շենքում» միայնակ էր բնակվում: Նրա ծեր մայրը միայնակ բնակվում է Աշտարակում, իսկ եղբայրը Ռուսաստանում է:

Անին ծնվել է Թեհրանում, ապա տեղափոխվել են Հայաստան: Նա մինչ էքստրասենս դառնալը երգել է Էջմիածնի եկեղեցու երգչախմբում: Երեւան տեղափոխվելուց հետո նա բնակություն է հաստատել նշված շենքում եւ սկսել զբաղվել իր գուշակություններով:

Հարեւանուհիների խոսքով՝ Անին մշտապես հյուրեր էր ունենում՝ անծանոթ աղջիկներ, կանայք էին գալիս, պատահում էր՝ իրենց ամուսինների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով