Իմանալ իրականությունը Մարտի 1-ի մասին

2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները մեծ հետք են թողել հասարակության բոլոր շերտերի վրա: Դա ցավալի էջ էր և իրադարձություն մեր պատմության մեջ , որը մեծ վնաս հասցրեց Հայաստանի նորանկախ հանրապետությանը: Հայաստանում առաջին անգամ քաղաքական պայքարը ավարտվեց սպանություններով: Այդ օրերին սպանվել են մարդիկ, որոնց մահվան հանգամանքների մասին մենք դեռևս որևէ բան չգիտենք: Եվ որ ամենակարևորն է, մենք դեռևս չգիտենք՝ արդյո՞ք հնարավոր չէր կանխել այդ արյունահեղությունը և ինչու ամեն ինչ հասավ դրան:

Ցավալի է արձանագրել, որ Մարտի 1-ի իրադարձությունները միշտ լուսաբանվել են միակողմանի՝ իշխանությունները բոլոր սխալները բարդել են ընդդիմության վրա, իսկ ընդդիմությունն ամբողջ պատասխանատվությունը դրել է իշխանության վրա: Պատմական այս իրադարձության երկու կողմն էլ ունեն սուբյեկտիվ մոտեցում և ունեն ցանկություն դեպքերի զարգացումը ներկայացնել այնպես, որպեսզի իրենք որևէ կերպ չհայտնվեն օրինախախտի դերում:
Այս հանգամանքները հաշվի առնելով և հասարակության օբյեկտիվ տեղեկացվածության իրավունքը ապահովելու նպատակով Politik.am-ը սկիզբ է դնում մի նախաձեռնության, որով նպատակ է հետապնդելու ասել ամբողջ ճշմարտությունը այդ օրվա իրադարձությունների մասին: «Մարտի 1. Առասպելներ և իրականություն» բաժնում մենք ամենայն մանրամասնությամբ կներկայացնենք բոլոր այն կեղծ փաստերը, որոնք ներկայացվել են իշխանության և ընդդիմության կողմից, բոլոր այն բամբասանքները և ոչ պրոֆեսիոնալ տեսակետները որոնք վերջի տաս տարիների ընթացքում կարծրացել են և , ցավոք, այսօր հասարակության մի մասի համար դիտարկվում են որպես փաստ: Կխոսենք նաև փաստերի մասին, որոնց մասին երկու կողմն էլ փորձում են լռել:
Մարտի 1-ի մասին խոսելիս, մենք փորձելու ենք կոտրել բոլոր այն տաբուները, որոնք այս տարիներին դրվել են: Մենք բարձրացնելու ենք հարցեր, փորձելու ենք ստանալ դրանց պատասխանները, քննարկման թեմա ենք դարձնելու այդ օրը «բարիկադի» երկու կողմերում կանգնած առաջնորդների հայտարարությունները և գործողությունները: Անելու ենք դա` համադրելով բաց մատչելիության մեջ գտնվող բոլոր նյութերը համադրելու և սառը դատողության ու լոգիկայի կանոների, այլ ոչ թե զգացմունքային և կողմնակալ մոտեցման օգնությամբ, ինչպես վարվել են վերջի տարիներին բազմաթիվ լրատվամիջոցներ և այսպես կոչված վերլուծաբաններ:
Մեր նպատակն այդ օրերի քաղաքական իրադարձույթուններին գնահատական տալը չէ՝ մեր նպատակը հասարակությանը անհրաժեշտ, մշակված տեղեկատվությամբ ապահովելն է, որի շնորհիվ հասարակությունն ինքը հնարավորություն կունենա գնահատական տալու:
Կարծում ենք՝ սա լավ հնարավորություն է հասարակական նոր՝ առանց քինախնդրության և տաբուների քննարկում սկսելու համար: Սա, ի վերջո, ինքներս մեզ համար ճշմարտություն գտնելու ճանապարհ է, որը պետք է անցնենք, որպեսզի դուրս գանք 2008 թվականի մարտի 1-ի ողբերգության խարանի տակից:

Այս թեմայով