Ի՞նչ փոփոխություններ է նախատեսվում ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքով

  ԱԺ-ում քննարկվում է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:   

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, որպես նախագծի հիմնական զեկուցող ներկայացնելով այն , նշեց, որ նոր մաքսային օրենսքիրքը նախատեսում է մաքսային ընթացակարգերի էական բարելավում. «անհամեմատ կրճատվում են թե՛ ապրանքների հայտարարագրման, թե՛ տեղափոխման ժամկետները, կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների և մաքսային մարմիների միջև շփումները, և նոր օրենսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ»,-ասաց նա:

Բանախոսը նշեց, որ ներմուծողն այլևս պարտադրված չի լինելու մաքսային մարմիններին ներկայացնել ժամանման վերաբերյալ տեղեկատվություն, մի մաքսային կետից մյուս մաքսային կետ տեղափոխելու համար այլևս անհրաժեշտ չի լինելու հայտարարագիր ներկայացնել:

 Միրումյանի խոսքով՝ կրճատվում է ապրանքների հայտարարագրման ժամկետը՝ երկու ժամից դառնում է մեկ ժամ: Մաքսային մարմիններն այլևս մաքսային հայտարարագրերում առկա անճշտությունների դեպքում ոչ թե միանգամից մերժելու են մաքսային հայտարարագիրը, այլ տեղեկացնելու են տնտեսվարող սուբյեկտներին՝ հնարավորություն տալով նրանց ուղղել մաքսային հայտարարագիրը:

«Ամրագրվում է փաստաթղթավորման մեկ միասնական պատուհան, ինչը նշանակում է, որ եթե որևէ մաքսային ընթացակարգի ներքո տնտեսավարող սուբյեկտն արդեն իսկ ներկայացրել է համապատասխան փաստաթղթեր, և այդ տեղեկատվությունն առկա է մաքսային մարմիններում, ապա համանման գործարք իրականացնելու ժամանակ այլևս անհրաժեշտություն չի լինելու այդ փաստաթուղթը ներկայացնելու: Բոլոր ապրանքների ներմուծման մասով նախատեսված է մաքսատուրքի տարաժամկետման հնարավորություն՝ մինչև մեկ ամիս ժամկետով: Սա նույնպես նորություն է, նախատեսված է, որ տնտեսվարողի ցանկության պարագայում մաքսատուրքի վճարումը կարող է հետաձգվել մինչև մեկ ամիս՝ տոկոսների վճարմամբ, իսկ տոկոսները հաշվարկվում են Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքից ելնելով: Ընդլայնվել է այն ապրանքների ցանկը, որոնց մասով ապրանքները կարող են բաց թողնվել նախքան հայտարարագրի ներկայացումը: Ներկայումս դա վերաբերվում է միայն շուտ փչացող ապրանքներին, հիմա դա վերաբերվելու է նաև ներդրումային ծրագրերով ներմուծվող կամ ցուցահանդեսի նպատակներով ներմուծվող ապրանքներին»,- նշեց  Միրումյանը:

Նրա խոսքով՝ ֆիզիկական անձանց կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր ներմուծման դեպքում 6-ամսյա ժամկետը հետաձգվել է մինչև 1 տարի, և քաղաքացիները հնարավորություն ունեն ժամանակավոր ներմուծման ընթացակարգով՝ ներմուծել ոչ թե 6 ամիս տևողությամբ, այլ 1 տարի:

Վ. Միրումյանը նաև ընդգծեց, որ ԵԱՏՄ բոլոր քաղաքացիները հնարավորություն ունեն օգտվել անմաքս առևտրի խանութներից:

Վերջում հավելեց, որ սկսած 2020 թվականից բոլոր փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով են ներկայացվելու, իսկ մինչև 2020 թվականը հնարավորություն կա նաև թղթային եղանակով:

 


Այս թեմայով