Ի՞նչ չափորոշիչով է որոշվել, որ ԱՊՊԱ կտրոն չկպցնելու համար տուգանվածին պետք է համաներել, իսկ 200 կմ ժամ արագությամբ վարողին՝ ոչ

Ողջունելի նախաձեռնություն է, բայց եթե մի բան ենք անում, եկեք լավ անենք. ԱԺ-ում հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը՝ խոսելով մինչև 2017թ.-ի դեկտեմբերի 1-ը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տուգանքների համաներում կիրառելու նախագծի վերաբերյալ:

«Այս նախագիծը արտահերթ նիստով օրակարգ բերելը ժամանակավրեպ է, հարցեր կան, որոնց պատասխանները չկան: Ի՞նչ չափորոշիչներից ելնելով են որոշվել բացառությունները, որոնց վրա համաներումը չի կիրառվում: Ի՞նչ չափորոշիչով է որոշվել, որ ԱՊՊԱ կտրոն չկացնելու համար տուգանքի համաներում չպետք է տալ, բայց 200 կմ արագություն գերազանցած վարորդին համաներում տալ: Ո՞րն է դրա արդարությունը»,- ասաց Մախմուդյանը:

 Նա հորդորեց վիճակագրական տվյալներով առաջնորդվել, ուսումնասիրել, թե որքանն են անհուսալի:

«Համաներումը սոցիալական թեթևության պետք է հանգեցնի»,- հավելեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նշենք, որ նախագծով համաներումը չի կիրառվի այն դեպքերում, երբ վարորդը խախտել է հետևյալ կանոնները՝ առանց թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր և կապույտ լուսային ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ ձայնային ազդանշաններ արձակող սարքեր տեղադրելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխված համարանիշով մեքենա վարելը, հարբած վիճակում մեքենա վարելը, ոստիկանի «կանգառ» ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցման երթևեկելը և այլն:

Այս թեմայով