Ի՞նչ կապ ունի Գագիկ Բեգլարյանը «Մետաքս»-ի մոտ հնչած կրակոցների հետ

Gagik-Beglaryan«Նախօրեին «Մետաքս»-ի մոտ տեղի ունեցած կրակոցների վերաբերյալ «Ժամանակ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ՝ երեկ ուշ երեկոյան հիշյալ տարածքում «Մետաքս Գոլդ»-ի աշխատակիցներ, եղբայրներ Վահագ Գ.-ն եւ Վլադիմիր Գ.-ն կենցաղային հարցի շուրջ վիճաբանության են բռնվել քրեական հեղինակություն, Մետաքսի Պելեի աներորդու՝ Դավիթի հետ։ Վերջինս նախկինում քրեական հեղինակություն համարվող Մետաքսի Մայիսիկի եղբոր որդին է։ Վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Դավիթը, որը միշտ աչքի է ընկնում վիճաբանություններին իր մասնակցությամբ, կրակոցներ է արձակել Վահագի եւ Վլադիմիրի ուղղությամբ։ Կրակոցներից տուժել են եւս երկու երիտասարդներ, որոնք այս պատմության հետ որեւէ առնչություն չունեն։

Նշենք, որ Վահագը եւ Վլադիմիրը թաղային հեղինակություն համարվող Կաբել Արթուրի շրջապատից են։ Վերջինս էլ մտերմիկ հարաբերությունների մեջ է ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի՝ Չոռնի Գագոյի հետ։ Հայտնի է, որ Մետաքսի Պելեի աներորդի Դավիթը լավ հարաբերությունների մեջ չէ Բեգլարյանի եւ նրա շրջապատի հետ։ Դրա համար էլ Բեգլարյանի շրջապատի հետ անընդհատ ընդհարումների մեջ է։ Ինչպես մեզ փոխանցեցին՝ նրանց միջեւ վիճաբանությունների պատճառը միշտ լինում է այն, որ Գագիկ Բեգլարյանի շրջապատի տղաները փորձում են իրենց, այսպես ասած, կարգերը հաստատել տվյալ տարածքում, ինչն էլ չի ընդունվում Դավիթի կողմից։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերն արդեն հաշտվել են, եւ թեման փակ է։ Գիշերը Վահագի եւ Վլադիմիրի հայրը հանդիպում է ունեցել մյուս կողմի հետ եւ հաշտություն կքնել։ Այս հաշտության մեջ թե ինչքանով դերակատարում ունի նախարար Բեգլարյանը՝ դժվար է ասել։ Բայց այն, որ հարցի լուծմանը «խառնվել են» թաղային եւ քրեական հեղինակությունները՝ փաստ է։ Վերջում հավելենք, որ փաստի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել են ԴԲՓ-ներ: Կատարվում է նախաքննություն»:

Առավել մանրամասն՝ <Ժամանակ> թերթի այսօրվա համարում

Դիտվել է 255 անգամ
 


Այս թեմայով