Home » Real Politik » Ի՞նչ ենք անելու, եթե Սերժ Սարգսյանը իսլամ ընդունի և անդամագրվի ԻՊ-ին

Ի՞նչ ենք անելու, եթե Սերժ Սարգսյանը իսլամ ընդունի և անդամագրվի ԻՊ-ին

6b55651d3c6d4c69a93029f092cf1f2c_18Լևոն Զուրաբյանի ելույթը դեկտեմբերի 3-ին, Ազատության հրապարակում տեղի ունեցած «Ոչ»-ի հանրահավաքից.

«Սա մեր վերջին հանրահավաքն է քվեարկությունից առաջ և ես կուզեի որոշ ամփոփիչ եզրակացություններ անել: Ամենակարևորն այն է, որ մենք իրագործել ենք այն նպատակը, որի համար սկսեցինք այս ամբողջ գործընթացը: Հայ Ազգային Կոնգրեսը դեռ ամռանը ձևակերպեց այդ նպատակը. վերածել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն Սերժ Սարգսյանի ռեժիմին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Այն ժամանակ թվում էր, թե այդ խնդիրն այնքան էլ հեշտ չի լուծել: Իսկապես,կասկածամիտները ասում էին, որ ժողովուրդը երբեք այս հարցով չի ակտիվանա: Ով է մտնելու տարբեր նրբերանգների մեջ, ով է ընդհանրապես ոգևորվելու Սահմանադրության փոփոխություն թույլ չտալու գաղափարով, բայց մենք կարողացանք այդ խնդիրը լուծել:

Այսօր ամբողջ ժողովուրդը մերժում է սահմանադրական փոփոխությունները, որովհետև առաջին հերթին մերժում է Սերժ Սարգսյանին: Մենք քարոզարշավն այնքան լավ անցկացրեցինք, որ կարող ենք համարել, որ հաղթել ենք քարոզարշավի առումով, ընդ որում՝ մենք առավելության հասանք իշխանության նկատմամբ պրակտիկորեն բոլոր բնագավառներում: Մենք հաղթեցինք և՛ հանրահավաքներով ( իրենք չհամարձակվեցին անգամ մեկ հանրահավաք անել, իմանալով, թե ինչքան մեծ է ժողովրդի ատելությունը), մենք հաղթեցինք բոլոր բանավեճերում, ոչ մի բանավեճ իշխանությանը չհաջողվեց հաղթել, բոլոր բանավեճերում ոչ-ի կողմնակիցները տարան ջախջախիչ հաղթանակ: Մենք հաղթեցինք նաև ժողովրդի հետ անմիջական մեր շփումներով, որովհետև մեզ հետ ժողովուրդը մտնում էր շփման մեջ, իսկ իրենց հայհոյում և մերժում, ինչի լավագուն վկայույթունը եղավ այն ռեալիթի շոուն, որ ամեն օր տեսնում եք հեռուստատեսությամբ: Իսկ մեր տվյալներով այնքան վատ են նրանց վերաբերում, որ անգամ Հանրապետական այո-ի շտաբը հրահանգ է տվել դադարեցնել քարոզչական աշխատանքը բնակչության հետ, որովհետև մարդիկ ուղղակի գնում են և գրգռում են բնակչությանը ավելի շատ:

Բոլորիդ շնորհավորում եմ այս կապակցությամբ և շնորհակալություն հայտնում, որովհետև շատ մեծ աշխատանք է արվել: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մեր քարոզչական հիմնադրամին լուրջ հանգանակություն կատարեցին և մենք կարողացանք 5 մլն դրամ հավաքել և դա թույլ տվեց բավականին լուրջ, ագրեսիվ կամպանիա տանել հեռուստատեսությամբ, որի արդյունքները դուք տեսնում եք: Հատուկ շնորհակալություն մեր երիտասարդներին:

Իշխանությունը մարդկանց սրտերում և տրամադրություններում կրել է կատարյալ պարտություն: Վերջին փամփուշտը, ատոմային ռումբը, որ նրանք պատրաստել էին պայթեցնել, Սերժ Սարգսյանի ասուլիսն էր, որը պետք է շրջեր քարոզարշավի ընթացքը իրենց օգտին: Ի՞նչ տեսանք ժողովուրդ. խղճուկ մի ելույթ:

Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը: Այնքա՜ն անհեթեթություններ է ասել, ես կանդրադառնամ դրանցից մի քանիսին: Ասում է, թե ժողովուրդ ջան այս Սահմանադրությունը պետք է փոխել, որովհետև նախագահի պաշտոնը ըստ Սահմանադրության՝ տնտեսության համար պատասխանատու չէ, բայց քանի որ ժողովուրդը նախագահին ընտրել է, ուրեմն տնտեսական խնդիրների համար պահանջներ է ներկայացնում նախագահին: Ասում է՝ ես ինչ գործ ունեմ տնտեսության հետ: Հիմարի տե՞ղ է դրել այս ժողովրդին, չեմ հասկանում: Օձը իր պորտով, հավքը իր թևով, մուկն իր պոչով անգամ չի կարող որևէ տեղաշարժ անել Հայաստանի տնտեսության մեջ առանց Սերժ Սարգսյանի հավանության:

Մի սարսափ է հորինել, ասում է՝ պատկերացնում եք ի՞նչ կլինի, բա որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանկարծ հաղթի ընտրություններում, հետո էլ պատերազմ հայտարարի Թուրքիային և Ադրբեջանին, բա ես ի՞նչ եմ անելու որպես նախագահ: Այս ի՞նչ Կիկոսի մահի պատմություններ են: Եթե մենք այդ երևակայությամբ և տրամաբանությամբ առաջնորդվենք մենք չէինք կարող նման հարցեր տալ: Ինչ ենք անելու, եթե հանկարծակի Սերժ Սարգսյանը իսլամ ընդունի, այն էլ ամենածայրահեղական տիպի և անդամագրվի Իսլամական պետությանը, ի՞նչ ենք անելու:
Այսպիսի անմակարդակ փաստարկներով մեր ժողովրդին փորձում են ինչ-որ բան ապացուցել՝ թաքցնելով ամենակարևոր նպատակը, որ նա ուզում է ուղղակի հավերժացնել իր իշխանությունը և երբ լրագրող Արամ Աբրահամյանը ուղիղ հարց է տալիս, թե պարոն Սարգսյան մամուլում տարածվել է, որ դուք հանրապետականների ժողովում այսպիսի բան եք ասել՝ առաջին, որ դուք չեք հավակնի այս Սահմանադրության ընդունումից հետո ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի, ո՛չ էլ Ազգային ժողովի նախագահի պաշտոնին և երկրորդ՝ որ եթե Սահմանադրությունը անփոփոխ մնա, կդառնաք վարչապետ, սա ճի՞շտ է:

Ի՞նչ է պատասխանում Սերժ Սարգսյանը՝ վերջապես ստանալով շանս ժողովրդին ասելու, որ սա իր վերարտադրության համար չի, պատասխանում է այդ հարցին. ես ձեզ կպատասխանեմ 2017 թվականի ընտրություններից հետո ու ասում է, որովհետև այն երկրորդ մասով 100 տոկոս ճշմարտություն է, այսինքն եթե Սահմանադրությունը անփոփոխ մնա, ինքը կդառնա վարչապետ՝ չնկատելով, որ այդ երկորրդ մասով նա հերքում է իր ասածի առաջին մասը: Ինքը հերքում է իր կուսակիցների ասածն այն մասին, որ նա ցանկություն չունի վերարտադրվելու:
Իր ելույթով Սերժ Սարգսյանը մատնեց, որ այս ամբողջ ծրագիրը իր անձնական իշխանության պահպանության ծրագիր է: Ավարտեմ Սերժ Սարգսյանի թեման, սա կարելի էր КВН-ի վերածել:

Նորից ուզում եմ կրկնել, որ Ո՛չ-ը Հայաստանում հաղթել է: Իրենց միակ հույսը ընտրակեղծարարության վրա է: ՀԱԿ-ը իր վրա ստիպված վերցնում է պետության ֆունկցիա, օպերացիա ենք իրականացնում այդ ընտրակեղծարարների դեմ, տեսանկարահանում ենք, տանում ենք, դատախազությանը տալիս: Այդ մարդուն այսօր ձերբակալել են: Շարմազանովն ասում է. մի փաստ բերեք, սա էլ քեզ փաստը Շարմազանովը: Հետո՞: Ի՞նչ եք անելու: Ո՞ւր են Դատախազությունը, ԱԱԾ-ն ու ոստիկանությունը:

Սա սակայն ծառայեց մեկ լավ նպատակի, սկսել են վախենալ: Ես զգուշացնում եմ. Ավելի շա՛տ վախեցեք, որովհետև քվեարկության օրը գաղտնի կերպով կտեսանկարահանվեն և կձայնագրվեն բոլոր ձեր ապօրինությունները: Մենք ձեզ թույլ չենք տա անպատժելի ձևով այդ հանցագործությունները կատարել: Բայց ամենակարևորը՝ հաղթանակի բանալին հետևյալն է. ամբողջ ժողովուրդը պետք է գնա, զանգվածաբար քվեարկի Ոչ: Այդ դեպքում իշխանությունը ընտրակեղծարարության իր ողջ մեխանիզմով չի կարողանա խլել հայ ժողովրդի հաղթանակը: Իրենք ամենաշատը վախենում են հենց դրանից: Դեկտեմբերի վեցին կկայանա հայ ժողովրդի կամարտահայտությունը, այսինքն այդ քվեարթերթիկները ոչ-ի քվեարկությամբ հայտնվեն քվեատուփերում դրանից հետո, անկախ նրանից կկեղծեն հանրաքվեն, թե ոչ, հայ ժողովուրդը հաղթանակած է դուրս գալու:

Խոսքս ուղղում եմ այն մարդկանց, ովքեր դեռ կասկածում են, անհավատ են, ասում են 7 անգամ կեղծել են ընտրությունները, մեր հույսը ոտնատակ անեն, այդ անհավատներին ես մի բան ունեմ ասելու ժողովուրդ ջան ձեզանից միայն պահանջվում է գնալ քվեարկության և քվեարկել ոչ: Ոչ ոք չի երաշխավորում հաղթանակը, բայց ես երաշխավորում եմ, որ նա, ով չի պայքարում արդեն պարտված է:

ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համատեղ շտաբը շատ լավ գիտի իր անելիքները և ծրագիրը և այն անշեղորեն իրագործելու է: Մենք իսկապես մշակել ենք այնպիսի ծրագիր, որը հաղթանակով պայքարի ծրագիր է: Բոլորին խնդրում եմ զինվել համբերությամբ, համառությամբ և իմանալ, որ հաղթում է նա, ով հետևողական է և համառ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Դիտվել է 258 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy