Ի՞նչ բացահայտում էր անելու «Հոկտեմբերի 27»-ի գործով դատապարտված Էդիկ Գրիգորյանը

Օրերս մահացավ «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդիկ Գրիգորյանը: Գրիգորյանի մահվանից հետո շատերը կասկածներ հայտնեցին, որ նրան սպանել են, քանի որ նա 2014 թվականին մի քանի հրապարակմամբ հանդես եկավ ու խոստացավ պատմել իրականությունը «Հոկտեմբերի 27»-ի մասին:

Սպանության վարկածի կողմնակիցները հայտարարում են, որ նա պետք է պատվիրատուների անուններ տար ու դրա համար էլ «հանկարածամահ» եղավ: Իրականում Էդիկ Գրիգորյանը 2014 թվականի իր հրապարակումներում խոսում է ոչ թե պատվիրատուների առկայության մասին, այլ ավելի հերքում է այդ պնդումները և խոսում է իրենց նկատմամբ կատարված անօրինականությունների մասին:

Նրա այդ ժամանակվա հրապարակումները ԶԼՄ-ները քիչ հրապարակեցին ու կարծես հանրային քննարկում տեղի չունեցավ Գրիգորյանի բարձրացրած հարցերի վերաբերյալ: Politik.am-ը հերթականությամբ կներկայացնի Գրիգորյանի հրապարակումները հույս ունենալով, որ ի  վերջո նրա կողմից բարձրաձայնված հարցերը կքննարկվեն:

«Ծնվել եմ 1964թ. hոկտեմբերի 8-ին Երևանում: Դպրոցն ավարտել եմ 1982թ.: Երեք տարի աշխատելուց հետո` 1985թ. ընդունվել եմ Երևանի պետական բժշկական ինստիտուտ, որն ավարտելուց հետո մինչև 1999թ. հոկտեմբերի 27-ը աշխատել եմ իմ մասնագիտությամբ` մանկական օրթոպեդ-տրավմատոլոգ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա:

Հոկտեմբերի 27

Ես պատրաստվում եմ ձեզ պատմել ամեն ինչ Հոկտեմբերի 27-ի մասին: Հանգամանորեն ու փաստարկված ներկայացնելու եմ իրական պատճառները, դեպքը և իրական հետևանքները: Մի խոսքով, ինչպես ընդունված է ասել, միասին լիարժեք բացահայտելու ենք Հոկտեմբերի 27-ը: Պատմելու եմ այն ամենը, ինչը երկար տարիներ համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից: Խոստանում եմ շատ պատասխանատու մոտենալ այս ամենին, որովհետև սա միայն իմ անձնական գործը չէ: Մինչև հիմա լրատվամիջոցները, չնչին բացառությամբ, իրենց տերերի պատվերով արել են ամեն ինչ, որպեսզի քննության առարկա չդառնան իրական պատճառներն ու հետևանքները: Այլապես հարցեր են առաջանալու, որոնց տակից նույն այդ տերերը երբեք չեն կարող դուրս գալ: Ընդ որում՝ տերերը ոչ միայն իշխանության մեջ են, այլև ընդդիմության: Առաջիկայում անուն առ անուն քննության կառնենք առավել նշանակալիցներին և կպարզենք, թե նրանցից ով ինչով էր զբաղված 1994-99թթ.: Առայժմ առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ Հոկտեմբերի 27-ից առաջ իշխանությունը գոյատևում էր դրա պատճառներով, դրանից հետո` հետևանքներով: Իրավիճակն արմատապես շտկելու միակ ճանապարհը դեպքի, դրան նախորդած և հաջորդած իրադարձությունների մասին ամբողջ ճշմարտությունն ասելն է:

Հրապարակելու են նյութեր քրեական գործից։ «Տուժողների» և «վկաների» ցուցմունքներից հատկապես երիտասարդները շատ բան կիմանան այսօր տարբեր հարթակներից կոկորդ պատռողների մասին և ավելի ուշադիր կլինեն քաղաքական «տարբեր ճամբարներ» ներկայացնող գործիչների հետ իրենց շփումներում։ Հուսով եմ, որ ապագայում նրանք կընտրեն ավելի լավ պառլամենտ, որտեղ պատգամավորների ընդհանուր պլանը չի հիշեցնի օժանդակ դպրոցի ավարտական լուսանկար:

Առանձին կանդրադառնամ Արմենակ Արմենակյանի սպանության հանգամանքներին։ Սա ուրիշ պատմություն է՝ ուրիշ մարդկանց մասին։ Կպարզվեն նաև շատերին հուզող ուրիշ հանգամանքներ։

Եթե կհարցնեք, թե ինչու հիմա, ապա կարող եմ ասել մի բան. ողորմի ինտերնետ հնարողի հորը: Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ մի վարձու լրագրողից կամ լրատվամիջոցից:

Հոկտեմբերի 27-ը դիտարկելու եմ երկու ասպեկտով` իրավական և քաղաքական: Այս դեպքում սրանք իրարից առանձնացնելը հեշտ չէ, բայց ես կփորձեմ:

Էջն այնքան հաճախ չի թարմացվելու, որքան ես կուզենայի: Ինքներդ եք հասկանում, կապը միջնորդավորված է և դժվար»,-նշում է Էդիկ Գրիգորյանը իր հրապարակման մեջ:

Լուսանկարը՝  Իննա Մխիթարյանի

 


Այս թեմայով