Ի՞նչը չի ներելու Օսիպյանը

Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունել է գործող և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների։ Ընդունելության եկածների մեծ մասը, պայմանավորված տարբեր հանգամանքներով, ցանկություն էին հայտնել ներկայիս ստորաբաժանումից տեղափոխվել այլ ստորաբաժանում։Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության պետը, կարևորելով կադրերի ճիշտ տեղաբաշխումը և իր կողմից կայացվող որոշումների օբյեկտիվությունը, տարաբնույթ հարցեր ուղղեց ընդունելության եկածներին՝ համոզվելու՝ արդյո՞ք նրանք զինված են նեղ մասնագիտական գիտելիքներով, տիրապետո՞ւմ են այն տարածքների օպերատիվ իրավիճակին և առանձնահատկություններին, որտեղ պետք է ծառայեն։

Ոստիկանության պետը, համոզվելով, որ նրանք կարող են պատասխանատվությունը պատվախնդրորեն ստանձնել, ստորագրել է հրամանները՝ կոնկրետ ցուցումներ ու հրահանգներ տալով։
Հատկապես հանգամանալից էր Վալերիյ Օսիպյանի և կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողների հետ զրույցը։ Ռեզերվում հայտնվելու և շարք վերադառնալու պատճառներին ծանոթանալուց և վերլուծելուց հետո՝ ոստիկանության պետը ստորագրել է նաև նրանց հրամանները՝ հույս հայտնելով, որ նրանք բարեխիղճ ծառայությամբ կհաստատեն իր որոշման անսխալությունը։ Վալերիյ Օսիպյանը վերականգնվողներին հիշեցրել է, որ ծառայության են անցնում նոր ոստիկանությունում, որի պատիվն արատավարող ցանկացած արարք պատժվելու է խստագույնս։ «Հաշվի չեմ առնի ո՛չ ձեր ծառայողական կենսագրությունը, ո՛չ բազմամյա փորձը, ո՛չ էլ ընտանեկան դրությունը. ինձ համար առաջնայինը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդումն է, եթե ձեր գործունեությամբ արատավորեք համակարգի հեղինակությունը, չեմ ներելու»,- բոլորին նախազգուշացրել է ոստիկանության պետը։
Ընդունելության ավարտին Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամներին՝ պարզաբանելով, որ նրանց ներկայությունը այդ գործընթացին իրեն ավելի է պարտավորեցնում կայացնել ճիշտ որոշումներ։

Այս թեմայով