Ժիրայր Սէֆիլյանը հերքում է պահանջում «Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերությունից

6ce4aff2fԺիրայր Սէֆիլյանը դիմել է «Արմենիա Թի-Վի»  հեռուստաընկերության գլխավոր տնօրեին՝ այդ հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի մասում («Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հետաքննությանը վերաբերվող 26:25-37:10 հատվածում, ինչպես նաև դրա մասին անոնսներում) իր վերաբերյալ տարածվող տեղեկատվության մեջ իր իրավունքները խախտող, տվյալ դեպքում՝ իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող փաստացի անճշտությունները հերքելու պահանջով:
Ժիրայր Սէֆիլյանը պահանջում է «Սուր անկյուն» հաղորդաշարի՝ առաջիկայում հեռարձակելիք առաջին իսկ թողարկման մեջ ապահովել իր պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող տեղեկություների հերքումը՝ 2016 թ. հունիսի 12-ի դիտարկվող 197-րդ թողարկման՝ իրեն վերաբերող հատվածներին հավասար ժամանակամիջոցում և ձևաչափով:
Հերքման պահանջն ստանալուց  հետո` մեկշաբաթյա ժամկետում օրենքով սահմանված կարգով հերքումը տարածելուց հրաժարվելու կամ իր նամակին չպատասխանելու դեպքերում նա օրենքով սահմանված կարգով կդիմիդատարան` հերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով:
Առդիր՝ Ժիրայր Սէֆիլյանի դիմումը:
«Արմենիա Թի-Վի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն
Դավիթ Բաբախանյանին
Հայաստան, 0054, Երևան, Եղվարդի խճուղի, 1 շենք
Լիբանանի Հանրապետության քաղաքացի Ժիրայր Սէֆիլյանից
Հասցե՝ ՀՀ, 0033, Երևան, Բակունցի 2, բն 82
Հեռ. 010220567
Դիմում
«Արմենիա Թի-Վի»  հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի 2016 թ. հունիսի 12-ի 197-րդ թողարկման մի մասում («Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հետաքննությանը վերաբերվող 26:25-37:10 հատվածում, ինչպես նաև դրա մասին անոնսներում) իմ վերաբերյալ տարածվող տեղեկատվության մեջ առկա են իմ իրավունքները խախտող, տվյալ դեպքում՝ իմ պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող փաստացի անճշտություններ:
Մասնավորապես՝ նշված թողարկումը վարող Վահե Ղազարյանը և «Հաղթանակը շատ հայրեր ունի» խորագրով հետաքննության հեղինակ Նելլի Հարությունյանը իրականությանը չհամապատասխանող «փաստեր» են վկայակոչում, մինչդեռ նրանց նշած տեղեկությունները ճիշտ չեն:
Վահե Ղազարյանը խոսում է այն մասին, որ 1992 թ. հունիսի 29-ին Արցախի Մարտակերտի շրջանում իմ գլխավորած հատուկ գործողության ժամանակ, երբ առաջացել է մեկ զոհվածին, ինչպես նաև իրականում վիրավոր, սակայն ենթադրյալ մահացած Արարատ Սարգսյանին տեղափոխելու կարիք, ձեռքի տակ եղած երկու ձիերից մեկով տեղափոխել են զոհվածին, իսկ մյուսով՝ ինձ: Իր հերթին՝ Նելլի Հարությունյանը ուղիղ տեքստով պնդում է, որ ես որոշել եմ ինքս բարձրանալ այդ ձիու վրա, ինչի հետևանքով փաստորեն Արարատ Սարգսյանին հնարավոր չի եղել հանել մարտադաշտից:
Մինչդեռ իրականում տեղի է ունեցել հետևյալը.
Խնդրո առարկա հատուկ գործողության ժամանակ մեր ջոկատը հայտնվել է ականապատ տարածքում և մի քանի ականի պայթելու հետևանքով միաժամանակ վիրավորվել ենք՝ Արարատ Սարգսյանը, ես և 7-8 այլ զինվորներ, իսկ մեկ զինվոր զոհվել է:
Ես լուրջ վնասվածք եմ ստացել և զրկվել եմ տեղաշարժվելու հնարավորությունից:
Արարատ Սարգսյանի ենթադրյալ մահվան ու ընկերների կողմից նրան մարտադաշտում թողնելու մասին իմացել եմ ժամեր անց, երբ արդեն ինձ և մյուս ծանր վիրավորներին հանել էին մարտադաշտից և հեռացրել պատշաճ տարածության վրա:
Ինձ սկզբում տեղափոխել են շալակելով, այնուհետև, երբ հասել ենք անտառապատ տարածք, պատգարակ են պատրաստել իմ և մի քանի այլ ծանր վիրավորների համար, ինչից հետո ինձ և մյուս ծանր վիրավորներին հիմնականում տեղափոխել են պատգարակներով:
Ինձ ձիու վրա չեն հանել մարտադաշտից: Մեր ունեցած երկու ձիերից մեկով տեղափոխել են զոհված զինվորին, իսկ մյուսով՝ մեկ այլ վիրավորի:
Ուղեկցորդ չունենալու պատճառով մենք հապաղումով (36 ժամ հետո) ենք հասել հոսպիտալ, որտեղ տեղեկացել եմ, որ իրականում Արարատ Սարգսյանը չի զոհվել, այլ իր ընկերների հեռանալուց հետո ուշքի է եկել և տեղանքին ծանոթ լինելու շնորհիվ հոսպիտալ է հասել մեզանից ավելի շուտ:
Հարկ եմ համարում նշել, որ դիտարկվող հաղորդումը ակնհայտորեն ձևավորում է իմ անձի և կենսագրության վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող պատկերացում, ըստ որի ես Արցախյան պատերազմի ժամանակ եղել եմ վատ հրամանատար և դրսևորել եմ մարդկային ցածր որակներ:
Նշված հաղորդման՝ ինձ վերաբերվող հատվածը պատրաստվել է իրականության  խեղաթյուրված ներկայացման և մեկնաբանությունների օգտագործմամբ, որոնք ունեն զրպարտչական բնույթ և իմ անձի նկատմամբ վիրավորանք են պարունակում:
Վերը նշվածի հաշվառմամբ և ղեկավարվելով «Զանգվածային լրատվության միջոցների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջներով,
պահանջում եմ.
«Սուր անկյուն» հաղորդաշարի՝ առաջիկայում հեռարձակելիք առաջին իսկ թողարկման մեջ ապահովել իմ պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող տեղեկություների հերքումը՝ 2016 թ. հունիսի 12-ի դիտարկվող 197-րդ թողարկման՝ ինձ վերաբերող հատվածներին հավասար ժամանակամիջոցում և ձևաչափով:
2. Սույն հերքման պահանջն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում օրենքով սահմանված կարգով հերքումը տարածելուց հրաժարվելու կամ սույն նամակին չպատասխանելու դեպքերում օրենքով սահմանված կարգով դիմելու եմ դատարան` հերքումը տարածելու և իմ պատասխանը հրապարակելու հայցով:
Առդիր՝ անձնագրիս պատճենը՝ 1 թերթ:
Դիմող՝  Ժիրայր Սէֆիլյան
Դիտվել է 483 անգամ
 


Այս թեմայով