Ժիրայր Սեֆիլյանը բաց նամակ է գրել

Ժիրայր Սեֆիլյանը Սահմանադրության փոփոխման «ակտիվ բոյկոտի» կողմնակից էՍիրելի՛ Գարեգին

 Տեղյակ եմ, որ դու մեր ընկերների հետ միասին շարունակում ես Ազգային դիմադրության շարժում ձևավորելու գործը, որ միասին նախաձեռնել էինք:

 Ապրիլյան քառօրյան արթնացրեց ժողովրդի ինքնապաշտպանական բնազդը: Ակնհայտ դարձավ, որ գոյություն ունի պայմանավորված պատերազմով Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր ծրագիր: Բացահայտվեց նաև, որ Սերժ Սարգսյանը աթոռը պահելու դիմաց մասնակցում է այդ ծրագիրն: Ուստի նրա հիմնական խնդիրը պետք է լինի կանխել հանուն մեր երկրի տարածքային ամբողջականության հասունացող ընդվզումը:

 Ըստ այդմ` մեր հիմնական խնդիրը պետք է լինի օր առաջ ձևավորել Ազգային դիմադրության շարժման համակարգող մարմին, որպեսզի հնարավոր լինի ժողովրդական ընդվզումը պահել քաղաքակիրթ հունի մեջ և հասցնել պետականաշինության նավահանգիստ: Հակառակ պարագայում ընդվզումը կարող է լինել հախուռն և ցնցումներով:

 Կուսակցական դաշտի վրա չենք կարող հույս դնել: Վարչախումբը քաղաքական ու տնտեսական մենաշնորհացման, կուսակցությունների սնանկացման և ավտորիտար համակարգի հաստատման միջոցով վաղուց արդեն փոշիացրել է կուսակցական դաշտը, իսկ դրա մնացորդներն օգտագործում է իր ապազգային նպատակների համար: Այդ պատճառով նշված մարմինը կարող է ձևավորվել միայն մաքուր կենսագրություն և հասարակական հեղինակություն ունեցող այնպիսի անհատներից, ովքեր «ոչ մի թիզ հող հակառակորդին» գաղափարի ջատագով են և կարող են դրա շուրջ համախմբել ու ոտքի հանել ժողովրդին:

 Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ այս անգամ Սերժ Սարգսյանի ցուցումով ինձ մեկուսացնելու գլխավոր նպատակն էր ձախողել մեր այդ նախաձեռնությունը:

 Տարիներ շարունակ միասին ենք նախագծել և իրականացրել հայկական պետականության վերակերտման ծրագրերն ու նախաձեռնությունները: Քո խորը և բազմակողմանի գիտելիքները, լայն մտահորիզոնը և թիմային աշխատանքի կարողությունը դարձան այն քարշակը, առանց որի չէինք հասնելու այսօրվա հանգրվանին:

 Տարիների համատեղ պայքարի բովում մենք վերածվեցինք անբաժանելի և փոխլրացնող մի ներդաշնակ զույգի, ինչի համար շնորհակալ եմ ճակատագրին և քեզ:

 Մինչ օրս առավելապես ինձ էր վիճակված տանելու մեր համատեղ աշխատանքի հանրային բեռը: Այժմ ես բանտում եմ, ուստի դու պետք է ստանձնես նաև մեր տանդեմի այդ գործառույթը:

 Համոզված եմ, որ հաջողելու ես: Համոզված եմ նաև, որ շատ մոտ ապագայում դեռ առիթ ու հնարավորություն կունենանք միասին ծառայելու մեր ազգին և Հայրենիքին:

 Մեր ընկերներին այս ամենը հայտնի է: Իսկ մեր ժողովրդին ու ապագա գործընկերներին տեղեկացնում եմ, որ անվերապահորեն վստահում եմ քեզ:

 Այսօր առավել, քան երբևէ, մենք ունենք քո խորը ու կանխատես մտքի, ամուր կամքի և հաստատ ձեռքի կարիքը:

 Ի գո՛րծ, սիրելի՛ Գարեգին: Մե՛նք ենք տերը մեր երկրի:

Ժիրայր ՍէֆիլյանՎարդաշեն ՔԿՀ, 12 հուլիսի 2016 թ.

Դիտվել է 416 անգամ
 


Այս թեմայով