«Ժառանգություն». ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լուրջ քաղաքական հայտ է ներկայացրել

194587«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի ելույթում գնահատականներն ու հաղորդագրությունները բավականին հստակ էին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդի ելույթը՝ կուսակցության 7-րդ համագումարի ընթացքում, որը կայացել էր նախորդ շաբաթ օրը:

Մարտիրոսյանի խոսքով՝ նախ Ծառուկյանը բարձրաձայնել է այն բոլոր գնահատականները, որոնցով մինչ օրս հանդես էր գալիս ընդդիմությունը: Երկրորդ՝ Ծառուկյանը, կարծես թե կողմ էր հանդես գալիս ոչ կոալիցիոն քաղաքական ուժերի միասնականությանը, ընդհանուր օրակարգի ձեւավորմանը: Նա նաեւ բարձր քաղաքական հայց է ներկայացրել, երբ ասել է, որ կարող է պարտավորվել խոսել արտերկրում գտնվող հայերի հետ ու համոզել նրանց վերադառնալ Հայաստան եւ այլն: Ըստ նրա՝ երկրում նման գործառույթ, ըստ էության, կատարում են նախագահն ու վարչապետը: Նա նաեւ ընդգծել է, որ Ծառուկյանը ճիշտ է նկատել , որ միայնակ իրավիճակը փոխել ոչ ոք չի կարողանա:

Ի պատասխան այն հարցին, արդյոք «Բարգավաճ Հայաստանը» կդառնա այն քաղաքական ուժը, որը կմիավորի ոչ կոալիցիոն ուժերը, նա ընդգծել է, որ ոչ մի քաղաքական ուժ առանցքային չի կարող լինել: Մարտիրոսյանը հավելել է, որ այսօրվա դրությամբ ինքը չի պատկերացնում որեւէ կոնկրետ ուժի շուրջ համախմբում:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին կայացած ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խստագույնս քննադատել է երկրի իշխանություններին:

Դիտվել է 117 անգամ
 


Այս թեմայով