«Ժառանգությունը» պատասխանել է եզդիներին

49744Politik.am-ը ամիսներ առաջ տեղեկացրել էր, որ Հայաստանում բնակվող եզդիները և մասնավորապես՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցությանը՝ Իրաքում բնակվող եզդիների նկատմամբ կիրառվող հալածանքները բարձարաձայնելու խնդրանքով: Կազմակերպությունը այսօր մեզ է ուղարկել այն պատասխանը, որը ստացել է խմբակցությունից: «Ժառանգություն» խմբակցության պատասխանը ամբողջությամբ ստորև.

«Հարգելի պարոն Բորիս Թամոյան,

Գնահատելի են ազգային փոքրամասնությունների եւ հատկապես եզդիների նկատմամբ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ այն բոլոր մտահոգություններն ու առաջարկները, որոնք դուք ներկայացրել եք մեզ ուղղված Ձեր նամակում: Ինչպես գիտեք, դարեր շարունակ հայ ժողովուրդը եւս ենթարկվել է տարատեսակ հալածանքների եւ մեզ համար դժվար չէ պատկերացնել այն ապրումներն ու ցավը, որ զգում են ցեղասպանված ազգի ներկայացուցիչները:

Հաշվի առնելով եզդի ժողովրդի հետ հազարավոր տարիների համատեղ կեցության արդյունքում ձեւավորված բարեկամական սերտ կապերը, ինչպես նաեւ գիտակցելով Հայաստանի Հանրապետության լիիրավ եւ նվիրված քաղաքացիներ հանդիսացող տասնյակ հազարավոր եզդիների արտերկրում բնակվող հայրենակիցների շահերի պաշտպանության կարեւորությունը, հայտնում եմ իմ զորակցությունը եզդի համայնքին եւ նրա՝ աշխարհով մեկ սփռված հայրենակիցներին:

Ես, որպես ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, Ձեր նամակում առաջ քաշված հարցերի շուրջ կզրուցեմ ինչպես հանձնաժողովի անդամների, այնպես էլ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների ժամանակ:

Քանի որ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, ապա՝ խորհուրդ կտայի Ձեզ դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը ազգային փոքրամասնություններին սպառնացող վտանգները միջազգային մակարդակով բարձրաձայնելու եւ հնարավոր լուծումներ գտնելու ակնկալիքով:

Համագործակցության պատրաստակամությամբ եւ հարգանոք`

Թեւան Պողոսյան

Ազգային ժողովի պատգամավոր

«Ժառանգություն» խմբակցության անդամ»:

Դիտվել է 73 անգամ
 


Այս թեմայով