«Ժառանգությունը» Արմեն Սարգսյանին տեսնում է ոչ թե նախագահի, այլ վարչապետի պաշտոնում. Ա. Մարտիրոսյան

ՀՀ նախագահի 4-րդ թեկնածու Արմեն Սարգսյանի նախաձեռնած հանդիպումները, այս ժամանակահատվածում նրան ուղղված բոլոր հարցադրումները, այս ամեն ինչը տեսնելով «Ժառանգություն» կուսակցությունը ավելի ճիշտ է համարում նրան վարչապետի պաշտոնում առաջադրելը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Այս ամբողջ գործընթացը, նաև իր անձը տեսնելով՝ նույնիսկ կարելի է ասել՝ մենք իրեն տեսնում ենք վարչապետի պաշտոնում, ոչ թե նախագահի: Եթե իսկապես նոր սկիզբ, նոր իրավիճակ պետք է լինի, այդ դեպքում ավելի ճիշտ կլիներ, որ Արմեն Սարգսյանը հենց վարչապետի պաշտոնը զբաղեցներ»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության հանդիպումը Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ:

«Ժառանգության» փոխնախագահի խոսքով՝ հանդիպման ընթացքում վարչությունը խոսել է երկրում տիրող իրավիճակի մասին՝ քաղաքական, տնտեսական՝ մոնոպոլիաների, համակարգային կոռուպցիայի մասին, արտագաղթի, քաղբանտարկյալների և այլն:

«Մենք փորձել ենք եղած համակարգի շրջանակում առաջարկել մեր մոտեցումները,   ինքն էլ իր մոտեցումներն էր ներկայացնում»,- հայտնեց նա:

Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ հանդիպմանն Արմեն Սարգսյանը դրական տպավորություն է թողել, և բավականին լավ քննարկում է ծավալվել:

«Մեր մտահոգությունները հայտնեցինք նոր նախագահի լիազորությունների, նաև Սահմանադրության հակասության հետ կապված: Սահմանադրությամբ նախագահը պետության գլուխն է, Մայր օրենքի պահպանման հետևողն է, բայց այդպիսի լիազորություններ չունի: Նրա միակ «լիազորությունը» լինելու է հասարակության աջակցությունը»,- ընդգծեց նա:

 


Այս թեմայով