«Ժամանակ». Հայկական կողմը բանակցային սեղանին դնում է նոր տրամաբանության հարց

«Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ արտահերթ նիստը գործնականում կարող է պատմական դառնալ Արցախի հարցի պատմության համատեքստում: Պատմական այն իմաստով, որ հայկական կողմը Մինսկի խմբի համանախագահների առաջ կամ, այլ կերպ ասած, բանակցային սեղանին դնում է նոր տրամաբանության հարց, որն այլ բան չէ, քան մինչ այժմ բանակցային հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքների» չեղարկում:

Երևանն ուղիղ չի հայտարարում այդ մասին, սակայն գործնականում ազդարարում է, որ համանախագահները պետք է ներկայացնեն ավելի հստակ և աներկբա բանակցային հիմք, որը չտա նենգափոխումների կամ տարբեր մեկնաբանությունների տեղիք:

Աներկբա է այն, որ Երևանը սկսել և գործնականում շրջադարձային կետի է հասցրել նոր քաղաքականություն Արցախի հարցում, և մարտի 12-ը, մեծ հաշվով, այսպես ասած՝ հետդարձ բացառող կետն է: Եվ այստեղ թերևս անհրաժեշտ է արցախյան հարցից սահուն անցում կատարել տնտեսական հարցերին, քանի որ Երևանն ակնհայտորեն սահմանում է բավականին բարձր քաղաքական, անվտանգային նշաձողեր, ընդ որում պետք է ասել, որ սահմանում է արդարացիորեն և անհրաժեշտաբար:

Սա միաժամանակ մեզնից, որպես ազգ և պետություն՝ ներառյալ բնականաբար Արցախը, պահանջելու է ավելի մեծ դիմադրունակություն, որում, անկասկած, հույժ կարևոր պայման է իշխանության լեգիտիմությունը, սակայն ոչ բավարար, քանի որ այդ պայմանը կարող է սպառվել, եթե չամրապնդվի տնտեսական կարողություններով, տնտեսական ներուժի աշխույժ գեներացիոն գործընթացով:

Մարտի 12-ի շարունակությունը պետք է լինի տնտեսական դաշտում, անշուշտ ոչ կամ-կամ-ի սկզբունքով՝ կամ այս, կամ այն դաշտում, սակայն նախօրեին ասվել են կարևորագույն բաներ, և այժմ պետք է ինտենսիվացնել զուգահեռ աշխատանքը այդ ամենի, այլ կերպ ասած՝ հայկական պետական սուբյեկտության նոր մակարդակի տնտեսական ամուր պատվանդանը կառուցելու համար:

Այն, ինչ կա ներկայումս, բավականին թույլ է քաղաքական այն ծանրակշռությունը երկար պահելու համար, որում գործելու հայտ է ներկայացնում Երևանը: Հայաստանն ակնհայտորեն փորձում է տեղափոխվել ավելի ծանր քաղաքական քաշային կատեգորիա, ինչը պահանջելու է ավելի մեծ տնտեսական հենման կետ, ավելի ամուր և հաստատուն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով