Ժամանակն է, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի

Edvard-Nalbandyan-16-03-15Այսօր Ազգային ժողովում «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին հարց ուղղեց, թե ինչպիսին են խաղաղության հեռանկարները՝ հաշվի առնելով, որ սահմանի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է կրակել՝ օգտագործելով ծանր զինտեխնիկա:

«Կա՞ արդյոք բանակցային գործընթացով այս օրերին որևէ հեռանկար՝ հակառակորդին ստիպելու չկրակել և վերադառնալ բանակցային գործընթացին»,-հարցրեց նա:

Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ բանակցային գործընթացի հեռանկարները կապված են նրա հետ, որ առաջին հերթին վերացվեն այն հետևանքները, որոնք առաջացան Արցախի դեմ
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիվ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում։

«Այսօր միջազգային հանրության և առաջին հերթին եռանախագահող երկրների՝ Հայաստանի հետ միասին ջանքերն ուղղված են հենց այդ հետևանքների վերացմանը, որպեսզի հնարավորինս բացառվի կրկնությունն այն ամենի, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին, և հենց դրա մասին է ասել ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովն իր այցելության ընթացքում»,-ասաց նա:

Էդվարդ Նալբանդյանն ասեկոսեներ համարեց այն հայտարարությունները, թե ինչ-որ փաթեթ է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր հետ բերել, ինչ-որ բանակցություններ են վարվում: Նա նաև սին համարեց Ադրբեջանի այն հայտարարությունները, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից:

 

«Ադրբեջանի կողմից երևի իրենց ցանկությունն է ներկայացնել, թե Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից։ Դա սուտ է, Հայաստանը միշտ կողմ է եղել բանակցություններին, միայն խաղաղ ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը: Հայաստանը չէ, որ հրաժարվել է  հանդիպումներից, եթե ինչ-որ հանդիպումներ չեն կայացել կամ հետաձգվել են, դա եղել է Ադրբեջանի պատճառով»,-ասաց նա և նշեց, որ վերջին այդպիսի դեպքը Վաշինգթոնում էր, երբ ադրբեջանցիները հրաժարվեցին հանդիպել անգամ եռանախագահների հետ:

 

Արտաքին գործերի նախարարը նկատեց, որ ապարդյուն փորձեր են կատարվում հարցականի տակ դնել եռակողմ զինադադարի ուժի մեջ գտնվելը:
«Փորձեր կատարվեցին դիվանագիտական կուլիսներում, և համապատասխան արձագանք եղավ եռանախագահների կողմից»,-ասաց նա և նշեց, որ  եռանախագահներն ասացին այն, ինչ Հայաստանն է ասում, որ եռակողմ անժամկետ համաձայնագրերը, որոնք կնքվել են 94-95 թթ-ին, ուժի մեջ են և պետք է իրականացվեն դրանց դրույթները:

 

«Եվս մեկ անգամ դա ցույց տվեց, որ Ադրբեջանը հակադրվում է միջազգային հանրության կարծիքին, դա բավականին սխալ հաշվարկներ էին իրենց դիվանագիտության կողմից. միգուցե չեք պատկերացնում ինչպիսի պատասխան հնչեց մեր հարցադրմանը Վիեննայում, երբ որ ադրբեջանցիները ամենաբարձր մակարդակով հայտնեցին եռանախագահներին, որ այն հայտագիրը, նոտան, որն ուղարկել էր իրենց դեսպանը՝ հարցականի տակ դնելով զինադադարը, այդ հանձնարարականը չէր ունեցել, ինքնագլուխ նախաձեռնությամբ էր հանդես եկել, չէր համաձայնեցրել  Բաքվի հետ,-ասաց նաև և նշեց, որ դա Ադրբեջանն անում է, որ խուսափի իր կատարած շատ անպատասխանատու քայլերի հետևանքից:

«Ինչպես ասում են գող՝ սիրտը դող»,-ասաց նա և նշեց, որ  առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն այդպես է անում։ Նրա խոսքով՝ հայտնի է, որ ադրբեջանական կողմը, երբ պատասխանելու բան չունի, հայտարարում է, որ տեղյակ չէ:

Սամվել Ֆարմանյանն իր արձագանքում նշեց, որ Ադրբեջանը շարունակում է ակնհայտ սադրիչ և ապակառուցողական քայլերը:

«Համաձայնվեք, որ միջազգային հանրությունից, ի դեմս ԵԱՀԿ նախագահող երկրների, կարելի է ակնկալել, որ կարիք կա ավելի հասցեական, անվանական պիտակավորումների, հակառակ պարագայում Բաքվում ստեղծում է տպավորություն, որ միջազգային հանրության կողմից ոչ անվանական, ոչ հասցեական գնահատականները խոշոր հաշվով իրենց մեջ պարունակում են քարտ բլանշ՝ ձեռնարկելու գործողություններ, որոնք մի կողմից կարող են ապակայունացնել տարածաշրջանը անվտանգության տեսանկյունից, երկրորդ հերթին կասկածի տակ դնել խաղաղ բանակցային գործընթացը»,-ասաց նա:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ադրբեջանը ձևացնում է, թե իբր տեղյակ չէ, որ սանձազերծել է այդ լայնածավալ գործողությունները Արցախի դեմ և տեղյակ չէ, թե որքան զոհ են տվել այդ արկածախնդրության արդյունքում, նաև թե ինչ է նշանակում այն առաջակը, որ վերաբերում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

«Ես կարծում եմ, որ այդ անտեղյակների համար կարող ենք հիշեցնել, որ տեղեկություն չունենալը  չի ազատում պատասխանատվությունից: Համաձայն լինելով ձեզ հետ՝ ես կարող եմ ասել, որ ժամանակն է եկել, որ միջազգային հանրությունը կոնկրետ քայլեր ձեռնարկի, որպեսզի կարգի հրավիրի Ադրբեջանին և վերադարձնի կառուցողական դաշտ։ Այդ ժամանակ հնարավորություն կլինի նաև բանակցային գործընթացը շարունակել»,-ասաց նա:

Դիտվել է 184 անգամ
 


Այս թեմայով