Ժամանակավոր խրախճանք քաոսում. համբերել մինչև ամառ

Հետամանորի մամուլն ու լրատվությունը աննախադեպ զարմացական է՝ իր գերակայող անբովանդակ ու սակավամիտ պարունակությամբ, բայց նաև՝ գրեթե բացակայությամբ: Լույս են տեսնում միայն չորս պարբերականներ՝ առավելապես անցյալ տարի գրված ու խոտանված հոդվածներով և կայքերում տեղադրված հրապարակումների արտատպություններով: Լրատվական կայքերն էլ լիմիտները լրացնում են ոչինչ չասող լուրերով ու ֆեյսբուքյան հախուռն գրառումներով: Տեղեկացնում են, օրինակ, որ Կորեայում կատուներն այսուհետ սպորտով են զբաղվելու, իսկ ոմն Ֆելիքս Անտուան Չիսեկեդի Չիլոմբո դարձել է Կոնգոյի նախագահ:

Հեղափոխության երկրորդ փուլն ապրող աննախադեպ ազատ հորջորջված չորրորդ իշխանության ու պատգամավորի քպական մանդատ ստացած խմբագիրների դեմքերը «հպարտությունից» ծամածռվել, կեցվածքը՝ կարկամել են: Սահմռկեցնող այս պատկերը ոչ միայն առողջական բազմիմաստ տկարություն է հուշում, այլ նաև՝ միաժամանակ ծիծաղ ու խղճմտանք է առաջացնում: Սրանց մանդատներ հանձնելու արարը զավեշտալի լինելուց բացի՝ զայրացուցիչ է: Գյուղական ակումբին անգամ անհարիր ցածրաճաշակությունը օպերայի սրահում ցուցանելու համար երկրի ամենաթանկ դահլիճը վարձակալելը, հեռավոր մարզերից քաղաք բերման ենթարկված քվեատուներին խեղկատակության մասնակից դարձնելը եթե հեղափոխական նվաճում է, ապա միայն ordinarius pecus-ների համար:

Ազգային պատկերասրահի դահլիճները արտահերթ ու սանձարձակ ազատ ընտրությունների առավել ակտիվ տասովչիկներին պարգևատրելու հարթակ դարձնելուց, ընտրական նշանակովի «հաղթանակը» ամենաթանկ ռեստորաններում ամենաճոխ արբշռանքով տոնելուց, երկրի նախագահի նստավայրը առաջին տիկնոջ հարկաբաժնի վերածելուց ու երկրի գլխավոր համերգասրահը զավեշտի բեմի վերածելուց հետո ակնհայտ է, որ թավշականներն այլևս քաոսի մատնած ողջ երկիրն են դարձնելու խրախճանքների տարածք: Իսկ խրախճանքի համար միջոցներ են պետք և այդ միջոցները պետք է ապահովեն հենց նրանք, ովքեր իրենց քվեներով թավշականներին ոչնչից դարձրել են ամեն ինչ:

Տարատեսակ նոր հարկեր մոգոնելուց, հարկային ծանրացող բեռը հպարտ ու հլու քվեատուների ուսերին բարդելուց հետո՝ շնորհիվ թավշականների հետևողական ջանքերի, հեղափոխականորեն էժանացած բանանն արդեն թանկացել է կրկնակի, ձուն՝ 30, խոզի ու տավարի միսը՝ առնվազն 10 տոկոսով: Հեղափոխական երկրորդ ու ավարտական փուլ թևակոխելու կապակցությամբ էլ թավշյա առաջնորդը իր բոլոր իշխանիկներին, վերջապես, կաշառքի ողջ բերկրանքը վայելելու ազատություն է շնորհել:

Առաջամարտիկն, իհարկե, վերահսկողական ծառայության պետն է, որն իր կամային ու բուռն «հարկահանությունն» սկսել է նշանակման առաջին օրվանից: Նրան՝ դեմքի մնայուն ծամածռվածությամբ, հաջորդել է մայրաքաղաքապետը։ Ջուր, թուղթ, գրիչ, մատիտ, շոկոլադ ու նման մանրուք ձեռք բերելու ատկատներից իր ունեցվածքին առաջին եվրոային միլիոնը գումարելուց հետո` Ամանորի արհեստական տոնածառն ու դրա լուսավորությունը նա երևանցիներին «վաճառեց» տասնապատիկ թանկացրած գնով։ Փայատեր-գորակիցների հավաստմամբ` արդեն ամեն մեկն իր «հասույթն» ստացել ու փոխանցել է անձնական «բարեկեցիկ ապագայի» հաշվեհամարներին: Դե իսկ սրանցից հետո, արդեն, խանդավառ ջիղով ու դուխները պահած՝ գործի են անցել փոխվարչապետերն ու նախարարներն ու բոլոր-բոլոր քպականները:

Ամանորի հետ, մերժված թվացող բարի ավանդույթի համաձայն, նախկինի նման գրպանները լցնելու թույլատվություն են ստացել նաև ոստիկաններն ու իրավապահները, պետական «եկամտաբեր» ծառայողներն ու բոլոր ցանկացողները:Թեև սա ոչ թե՝ միայն պետական համակարգը նորովի կոռումպացնելու հեղափոխական պարզ ու քաղաքակիրթ ձեռնարկ է, այլ նաև՝ քաղաքացիական ու պետական ծառայությունների բնականոն գործունեությունն «առաջավոր» մեթոդներով կազմակերպելու և ամրապնդելու բարդ գործընթաց:

Եվ եթե հանկարծ հպարտ ու դուխով քաղաքացիները սխալ հասկանան ստեղծված թավշյա քաոսային իրավիճակը և հավատարիմ մնան կաշառք չվերցնելուու չտալու իրենց դեռ երեկ թելադրվող սկզբունքին, ապա պետական ծառայության ողջ համակարգը ուղղակիորեն կկազմաքանդվի:

Բանն այն է, որ օպտիմալացված կրճատումներին զուգահեռ` գերատեսչությունների ղեկավարներին թավշյա կառավարությունը նաև ներքին կարգով «զգուշացրել» է, որ առաջիկա ամիսներին կարող են առաջանալ աշխատավարձերը վճարելու անհաղթահարելի դժվարություններ։ Ուստի` նաև հրահանգվել է, որ կանխվի ցածր աշխատավարձերի, հավելավճարներն ու պարգևավճարները մեթոդաբար վերացնելու, ձախ եկամուտներ ստանալու թողտվությունը միաժամանակ անվստահելիների նկատմամբ շանտաժի գործիք դարձնելու պատճառներով պետական ծառայության ու բյուջետային ողջ համակարգում ծայր առած կադրային աննախադեպ ու համատարած արտահոսքը։

Այսինքն. հեղափոխական երկրորդ ու ավարտական փուլը, խոստացված տնտեսական թռիչքային զարգացման փոխարեն` նշանավորվում է քաղաքական ու սոցիալական բացառիկ ու աննախադեպ հեղափոխական քաոսով, իսկ քաոսի թավշյա հեղինակները` ողջ վերնախավն ու բոլոր նրանց ստորադասվածները միահամուռ խրախճանքի մեջ են։ Միակ մխիթարանքն այն է, որ քաոսն արհեստածին ու ժամկետային է` մինչև ամառ։ Մինչդեռ. հեղափոխական մամուլն ու լրատվությունը քաոսի, նրա հեղինակների ու ժամկետայնության մասին պարզապես լռում է և գրելու բան էլ չի ունենում։

​​​​​​​​Սիմոն Գյուրջյան

Այս թեմայով