Թուրքիան մտադիր չէ հրաժարվել քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու որոշումից

Թուրքիայի փոխվաչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է տրամադրված սիրիական Մանբիջում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում և իր որոշումն արդեն կայացրել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

«Եթե անգամ մենք չկարողանաք համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ սիրիական Մանբիջում քրդերի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հարցում, Թուրքիան իր որոշումն արդեն կայացրել է և վճռականորեն իրագործելու է այն»,-նշել է Թուրքիայի կառավարության խոսնակ, փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

Բոզդաղը հայտարարել է, որ Մևլութ Չավուշօղլուն այս թեմայով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, ինչից հետո պարզ կլինեն բանակցությունների վերջնական արդյունքները:

«Անշուշտ, թուրք-ամերիկյան բանակցությունները որոշակի արդյունքներ տվել են: Սակայն ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Թուրքիան չի հանդուրժելու ոչ քուրդ, ոչ էլ իսլամիստ ահաբեկիչներին: բանակցության արդյունքներից մանրամասներ չեմ բացահայտի, սակայն կնշեմ, որ Թուրքիայի դիրքորոշումը խիստ հստակ և վճռական է: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այս հարցով հանդիպումներ է ունենալու ԱՄՆ-ում, և դրանից հետո պարզ կլինեն բանակցությունների արդյունքները»,-հավելել է Բոզդաղը:

Բոզդաղը նշել է նաև, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վերջին շրջանում առաջացած լարվածությունը հաղթահարելու միակ ճանապարհը ԱՄՆ-ի կողմից Թուրքիային տրված խոստումների կատարումն է:

«Պարզ է, որ փոխադարձ վստահության ճգնաժամ է, լարվածությունը թուլացնելու միակ ճանապարհը ԱՄՆ-ի կողմից տրված խոստումների կատարումն է»,-նշել է Բոզդաղը:
Թուրքիայի իշխանություններն ԱՄՆ-ին առաջարկել են իրենց զորակազմերը համատեղ տեղակայել սիրիական Մանբիջում, ինչպես նաեւ հայտարարել են, որ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» (ԺԻՈւ) քրդական ջոկատները պետք է Եփրատ գետից հետ քաշվեն դեպի արեւելք:

ԱՄՆ-ը քննարկում Է այդ առաջարկությունը, որն արվել է Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնի՝ Անկարա կատարած այցի ընթացքում, հաղորդել էր ՏԱՍՍ-ը:

 


Այս թեմայով