Թուրքիան հայտարարել է ԵՄ-ի հետ հարաբերությունը կարգավորելու մասին

Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունները սկսել են կարգավորվել, Անկարան մտադիր է շարունակել Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին բանակցությունները։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում ճգնաժամի ֆոնին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ինչպես գործակալությանը հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմում աղբյուրը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են երկու երկրների հարաբերությունները, կանցլերը նշել է Գերմանիայի համար թուրքական տնտեսության կարևորությունը։ Հինգշաբթի նախատեսված են Էրդողանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսային բանակցությունները։

Կայքը հիշեցնում է, որ երեքշաբթի թուրքական դատարանն ազատ է արձակել երկու հույն զինվորականի, որոնք մարտից Թուրքիայում բանտում էին գտնվում լրտեսության մեղադրանքով։ Չորեքշաբթի Ստամբուլի դատարանը ազատ է արձակել Amnesty International իրավապաշտպան կազմակերպության թուրքական մասնաճյուղի ղեկավար Թաներ Քըլըչին, որը ձերբակալվել էր անցած տարվա հունիսին՝ 2016 թվականի հեղաշրջման փորձին ներգրավվածության կասկածանքով։

«ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները սկսել են կարգավորվել ավելի առողջ հիմքի վրա, մենք մտադիր ենք շարունակել Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները։ Առաջիկա օրերին կկայանա Թուրքիայի ԱԳՆ պատվիրակության հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսի հետ։ Մենք մտադիր ենք ակտիվացնել ԵՄ-ի հետ շփումները վիզայի ազատականացման հարցով»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում դեսպանների և միջազգային կազմակերպություններում Թուրքիայի մշտական ներկայացուցիչների խորհրդակցության ժամանակ։

Այս թեմայով