Թուրքիան կարող է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ի՝ Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն նախաձեռնելու հարցն այժմ գտնվում է իշխանությունների օրակարգում և ակնարկել, որ թուրք զինվորների նոր մուտքը Սիրիա հնարավոր է մոտ ապագայում:

Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Յըլդըրըմը նշել է, որ ահաբեկչական խմբավորումների՝ Թուրքիայի սահմաններին սպառնացող ամեն մի քայլ խիստ կպատժվի և ետ կմղվի:

Թուրքիայի վարչապետը շեշտել է հատկապես Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) անունը, որոնք Թուրքիայում նույնպես համարվում են ահաբեկչական:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին թուրքական ԶՈւ-ն հրթիռակոծել է սիրիական Աֆրինը, որը գտնվում է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG) վերահսկողության տակ։

Ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, թուրքական ԶՈւ-ն օդային հարվածներ էր հասցրել Սիրիայի հյուսիսային շրջաններին, որի հետևանքով մահացել է YPG-ի 18 մարտիկ:

 


Այս թեմայով