Թուրքիայի իշխանությունը հակված չէ լավացնելու հարաբերությունները Հայաստանի հետ. Ս. Գրիգորյան

«Հայաստանի կողմից արված այս քայլը ճիշտ էր մի շարք պատճառներով՝ նախ ՀՀ փոփոխված սահմանադրության համաձայն 2018թ.-ի մարտ, ապրիլ ամիսներից հետո, պաշտոնապես անցնում ենք նոր համակարգի, որտեղ նախագահական ինստիտուտը լիովին այլ դերակատարում կունենա, այսինքն գործող նախագահը, ով սկսեց այս գործընթացը նա էլ իր պաշտոնավարման ժամկետից հետո պետք է փակեր այդ էջը, քանի որ այս քարացած գործընթացը չպետք է փոխանցվի հետագայում նշանակվելիք նախագահին կամ վարչապետին »,-Politik.am-ի հետ զրույցում՝ խոսելով օրերս ՀՀ ԱԳ նախարարի հայտարարության և Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխան հայտարարության մասին, ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

 Վերջինս նշեց, քանի որ այդ հարցում, տարիներ շարունակ տեղաշարժ չի եղել ԱԳՆ-ի հայտարարությունը լավագույն տարբերակն էր՝ եղած գործընթացի վերջնական պազաբանման համար, կամ առոչինչ համարել, կամ էլ մինչ 2018թ.-ի գարուն Թուրքիան վավերացնի արձանագրությունները:

 Խոսելով 2-րդ էական հանգամանքի մասին, թե ինչու է ԱԳՆ-ի հայտարարությունը արդարացված՝ Գրիգորյանը շեշտեց, որ Թուրքիան շահարկում է մի հանգամանք, որը չկա և չի եղել նախնական ձեռք բերված համաձայնությունների մեջ. « Թուրքիան  2009թ-ին Ցյուրիխում կնքված պայմանագրից 1 տարի հետո սկսեց նախապայմաններ առաջ քաշել, ասելով , որ  արձանագրության դրույթները կվավերացնենք, եթե Ղարաբաղի հարցում ինչ որ առաջընթաց լինի, և այդ առաջընթացի մեջ նրանք նկատի են ունենում, որ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»,-նշեց քաղաքագետը:

Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի պատասխան հայտարարությանը, որտեղ ասվում էր ՝ թե արձանագրությունների չվավերացման մեղավորը ոչ թե իրենք են, այլ հայկական կողմը. մասնավորապես նշելով «չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Արձանագրությունները շարունակում են մնալ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում, դրանց վավերացման համար կարևոր է Հարավային Կովկասում բարենպաստ քաղաքական մթնոլորտի և խաղաղության առկայությունը»,- Գրիգորյանը նկատեց , որ այս ամենը փաստում է, որ մեր ԱԳՆ-ն ճիշտ է անում, որ մտադրված է առոչինչ համարել ստորագրած արձանագրությունները.« նաև ճիշտ է ՀՀ ԱԳՆ-ի այն քայլը, ըստ որի ժամանակ են տալիս Թուքիային՝ մինչև գարուն, հստակեցնել վավերացնում են թե ոչ:

Այս ամենի հետ զուգահեռ պետք է հիշենք, որ Յուրիխում ստորագրված երկկողմ արձանագրություններից առաջ, կողմերը համաձայնվեցին նախապայմաններ չդնել. օրինակ՝ Հայաստանը համաձայնվեց չպահանջել Թուրքիայից հենց վաղը ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, իսկ Թուրքիան սկզբում համաձայնվեց առանց երկկողմ նախապայմանների ստորագրել ու վավերացնել, իսկ այսօր առաջ են բերում իրենց Ադրբեջանամետ նախապայմանը, որը բացարձակ ներգրավված չի եղել արձանագրությունների մեջ»:

Զրույցի վերջում Ստեփան  Գրիգորյանը նշեց, որ Թուրքիայի գործող իշխանությունը ունենալով կոշտ պրոադրբեջանական դիրքորոշում ՝ Ղարաբաղի հարցում,  հակված չէ ՀՀ-ի հետ լավացնելու դիվանագիտական հարաբերությունները:

Այս թեմայով