Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Նիդեռլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունումը:

Ինչպես հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է Նիդեռլանդներին «իրավական նորմերին հակասող, անարդար ու սուբյեկտիվ» որոշում կայացնելու համար:

«Խստորեն դատապարտում ենք Նիդեռլանդների խորհրդարանի կողմից 1915 թվականի դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու որոշումը: Եվրոպայի կենտրոնում՝ Սրեբրենիցայում, դեռ ցավը չմորմոքված ցեղասպանության վրա աչք փակող մի երկրի խորհրդարանի նման անհիմն որոշումը տեղ չունի ո՛չ պատմության, ո՛չ արդարադատության մեջ», — ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Նիդեռլանդների կոալիցիոն կառավարության մեջ մտնող «Քրիստոնեական միություն» կուսակցության անդամ Ջոել Ֆորդևինդը խորհրդարան էր ներկայացրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ երկու նոր նախագիծ:

Դրանցից առաջինը վերահաստատում է Նիդեռլանդների՝ դեռևս 2004 թվականին ցեղասպանության ճանաչման որոշումը, իսկ երկրորդի ընդունման դեպքում նախատեսվում է Նիդեռլանդներից կառավարության ներկայացուցչի մակարդակով այցելություն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար։

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Նիդեռլանդների խորհրդարանում ընդունված որոշումը, որով վերահաստատվում է Հայոց ցեղասպանության ճանաչումը։

«Այս քայլով Նիդեռլանդների խորհրդարանը կրկին հավաստեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործին»,- ասված է ՀՀ արտգործնախարարի հայտարարության մեջ։

 


Այս թեմայով