Թուրքիայի ԱԳՆ–ն արձագանքել է Նալբանդյանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ նշելով, որ Թուրքիան դեռևս հավատարիմ է 2009-ին կնքված փաստաթղթերին: Այս մասին հայտնում է Hurriyet Daily News-ը:

«Չնայած Հայաստանի բացասական դիրքորոշմանը Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ՝ Թուրքիան հավատարիմ է արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս արձանագրությունները դեռևս Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարցերով հանձնաժողովի օրակարգում են: Դրանց վավերացման համար կարևոր է, որ նպաստավոր քաղաքական մթնոլորտը և խաղաղությունն ապահովվեն Հարավային Կովկասում», — ասվում է դեկտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ի հրապարակած հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, այս հաղորդագրությունը հաջորդել է Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը առ այն, որ Թուրքիան է պատասխանատվություն կրում Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ձգձգման համար:

Հիշեցնենք, որ երեկ, ելույթ ունենալով Հունաստանի ԱԳՆ ղեկավար կազմի առջև, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, ներկայացրել էր Հայաստանի մոտեցումը արձանագրությունների ճակատագրի վերաբերյալ` նշելով.

«Վստահ եմ, որ ձեզ կհետաքրքրի նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ մեր մոտեցումը: Ինչպես գիտեք, Հայաստանի Նախագահը նախաձեռնությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց էր մեկնարկել, որը հանգեցրեց 2009թ.-ի հոկտեմբերին Ցյուրիխի արձանագրությունների ստորագրմանը: Այնուամենայնիվ, մինչ օրս այս փաստաթղթերը չեն վավերացվել, քանի որ Թուրքիան առաջ քաշեց անհիմն նախապայմաններ, որոնք հակասում էին արձանագրությունների տառին և ոգուն: Այս փաստաթղթերը չեն կարող ընդմիշտ պատանդ մնալ, և դա է պատճառը, որ Հայաստանի Նախագահը սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը արձանագրություններն առ ոչինչ կհայտարարի, քանի որ չկա որևէ դրական առաջընթաց դրանց իրականացման համար, և մենք 2018թ. գարունը կդիմավորենք առանց այդ արձանագրությունների»:

 


Այս թեմայով