«Թող չփորձեն մեր միջոցով այս կամ այն քաղաքական ուժի հետ հարցեր լուծել»

ezdi-472x265A1plus.am-ը գրում է. Ընտրական նոր օրենսգրքի պահանջով Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, ռուսների, ասորիների եւ քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ սա բացարձակ անհասկանալի դրույթ է. «ՀՀ-ն մոնոէթնիկ երկիր է եւ առավելագույնը 2-2.5 ազգային փոքրամասնություն կա: ԲՀԿ-ն եւ ինքս անձամբ` միանշանակ կողմ ենք, որ նրանք անպայման ներկայացված լինեն ԱԺ-ում, սակայն այդպես պարտադիր նորմ սահմանել, որ բոլոր փոքրամասնությունների ներկայացուցիչները պետք է լինեն, դա ընդդիմադիր շատ ուժերի համար կարող է խնդրահարույց լինել, քանի որ սկսվելու է ազգային փոքրամասնությունների որս, ինչն անընդունելի է: Ի դեպ, ԲՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որի կառուցվածքում կա ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող հանձնաժողով եւ մեր համամասնական ցուցակում անպայման լինելու են նրանց ներկայացուցիչներից»:

Իսկ «Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանն առաջարկում է՝ թող ազգային փոքրամասնություններից յուրաքանչյուրն իր  համայնքում ընտրի իր ներկայացուցչին, որը գա եւ լինի անկախ պատգամավոր.« Մեր ազգային փոքրամասնությունները միշտ հայտարարում են՝ իրենք միշտ իշխանությունների հետ են, վախենում են ընդդիմության հետ գնալ: Օրինակ՝ ես գնում եմ երկու ռուս ներկայացուցիչ եմ ընդգրկում իմ ցուցակում, վաղը պարզվում է՝ նրանցից մեկին դուր չի գալիս իմ՝ պրոեվրոպական դիրքորոշումը եւ դուրս է գալիս ցուցակից, ու արդյունքում իմ կուսակցությանը հանում են ընտրական մրցակցությունից: Սա շատ վտանգավոր բան է: Ու եկեք այդ անառողջ մրցակցությունը հանենք՝ ով ավելի շատ փոքրամասնության ներկայացուցիչ կներգրավի»:

«Ա1+» -ի հետ զրույցում «Սինջար եզդիների ազգային միավորման» նախագահ Բորիս Մուրազին եւս նշեց, որ ԸՕ ազգային փոքրամասնություններին վերաբերվող մասը իր համար ընդունելի չէ.« Սա, իմ կարծիքով, կարող է ընդդիմության նկատմամբ ճնշման գործիք լինել: Իհարկե, շատ լավ է եւ պետք էր, որ ազգային փոքրամասնություններին հնարավորություն տրվի ներկայացված լինել ԱԺ-ում, սակայն ոչ այս տեսքով: Ես կարծում եմ, որ չպետք է համայնքներ ֆիքսվեն, քանի որ կարող է, ասենք, 100 գերմանական համայնքից լինի մի այնպիսի պատրաստված կադր, որ լիարժեքորեն ներկայացնի բոլոր համայնքները: Այս առումով մեր կազմակերպությունը իր դժգոհությունը հրապարակային արտահայտել եւ արտահայտելու է: Թող չփորձեն մեր միջոցով այս կամ այն քաղաքական ուժի հետ հարցեր լուծել»:

Նա չի կիսում այն մտահոգությունները, թե  ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ ներկայացված չեն լինի ընդդիմության ցուցակներում.«Օրինակ` 2007թ. ԱԺ ընտրություններին «Ժառանգության» ցուցակում ներկայացված եզդի կար: Ես եւ իմ շատ համախոհներ, բոլոր ընտրություններին, հրապարակային մեր աջակցությունն ենք հայտնել ընդդիմադիր ուժերին կամ գործիչներին: 2008թ. քվեարկել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, 2012թ. «Ժառանգություն» կուսակցության, իսկ 2013թ. քվեարկել եմ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին եւ մասնակցել նրա հանրահավաքներին: Սա ասում եմ նրա համար, որ հերքվեն այն թյուր կարծիքները, թե ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հարմարվել են իշխանություններին: Գոնե մեր թիմի մասով չկա նման բան»:

Արդյոք եղե՞լ են հանդիպումներ ազգային մյուս փոքրամասնությունների հետ, կա՞ միասնական դիրքորոշում հարցին, Բորիս Մուրազին պատասխանեց. «Կազմակերպությունները պետք է փորձեն ներկայացնել այս կամ այն տեսակետի առավելությունները: Աշխատանքի բերումով հաճախ եմ հանդիպում տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ, սակայն կոնկրետ այս հարցի քննարկումը չի եղել:

«Սինջար եզդիների ազգային միավորումը »կներկայացնի նաեւ իր առաջարկությունները: Կարծում եմ՝ բոլոր համայնքները պետք է հասկանան, որ չպետք է թույլ տրվի, որպեսզի իրենց միջոցով դժվարություններ ստեղծվեն ընդդիմադիր ուժերի համար»:

Իսկ ինչպե՞ս են ազգային փոքրամասնությունները ընտրելու իրենց այս կամ այն անդամին, որ կներառվի այս կամ այն քաղաքական ուժի ցուցակում: Բորիս Մուրազիի կարծիքով՝ այս կամ այն քաղաքական ուժը կնտրի, թե իր ցուցակում ով պետք է ներկայացված լինի. «Ի վերջո, կուսակցությունները ունեն հստակ կանոնակարգ եւ չի կարող մի համայքն ընտրել մի մարդու ու կուսակցությունը պարտավոր լինի նրան ընդունել»:

Գրում է A1plus.am-ը

Դիտվել է 169 անգամ
 


Այս թեմայով