Թող բոլորն իմանան՝ մենք էլ չունենք ո՛չ փոխզիջման, ո՛չ հողզիջման քննարկելու հարց. Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը փետրվարի 26-ին՝ Սումգաիթի ցեղասպան կոտորածների օրը, կազմակերպել է համազգային հայահավաք «վերջնական ՈՉ-ը ասելու աշխարհին» «տարածքներ խաղաղության դիմաց» հայակործան թեզի հանդեպ:

«Ամեն անգամ այդ թեզը ՀՀՇ-ի ժամանակներից, 1998 թվականից գցում են մարդկանց մեջ: Ամեն անգամ համոզելու նոր աշխատանքներ են տանում. դա դրսի՞ց է, արվում թե՞ որտեղից, չգիտեմ, բայց որ ամեն անգամ այս հարցը բարձրացվում է, փաստ է, և պետք է վերջը տալ ու ասել, որ նոր, նախկին, հաջորդ իշախանությունները իմանան, որ հայ ազգը այդ հարցը վերջնական լուծել է, և էլ չբարձրացնեն»,-Politik.am-ի հետ զրույցում մանրամասնում է Արշակ Զաքարյանը:

Մեր հարցին, թե ո՞վ է բարձրացնում հարցը, կինոռեժիսորը պատասխանում է.«Մեդիայում ամբողջ օրն այդ հարցն է քննարկվում: Օրինակ, Բոլթոնն է բարձրացնում: Բայց մեկնումեկը ապտակե՞ց Բոլթոնին, ասա՞ց, որ էլ չխոսի այդ մասին: Չէ չէ՞: Թող իշխանությունները գան, կանգնեն մեր կողքին  ու ասեն, որ այս հարցի շուրջ մեզ նման են մտածում»:

Արշակ Զաքարյանն ասում է՝ այս հանրահավաքը ինչ-որ մեկի դեմ չէ, ինչ-որ մեկի կողմ չէ.«Սա ազգային շահից է բխում: Մենք պետք է մեկընդմիշտ հայտարարենք ամբողջ աշխարհին, բոլթոններին, զախարչենկոներին, ու բոլոր նրանց, ովքեր իրենց քիթը կփորձեն մտցնել մեր գործերի մեջ, որ այս հարցը մենք լուծել ենք: Մենք զիջել ենք արդեն մի քանի անգամ. անմարդկային զիջումներ, որ ոչ մի ազգ այս երկրի երեսին չի արել: Մենք էլ չունենք ո՛չ փոխզիջման, ո՛չ հողզիջման քննարկելու հարց»:

Կինոռեժիսորը հարց է բարձրացնում.«Պե՞տք է մի անգամ ազգովի կանգնենք ու ցույց տանք՝ ինչ ենք ուզում: «Դիվաններին» նստած, «կնոպկա» սեղմելով չէ: Ինչ հիմարության համար ասես՝ փողոց են դուրս գալիս: Մեկն ուզում է «պլան» ծխել, իր խմբով փողոց է դուրս գալիս, մյուսը ուզում է խախտում անել, բայց չտուգանվել, ու էլի դուրս է գալիս փողոց, մյուսն ուզում է տանը նստել, բայց փող ստանալ»:

Արշակ Զաքարյանը հավատացած է՝ «տարածքներ խաղաղության դիմաց»  թեզին ողջ ազգն է դեմ.«Ես գիտեմ, որ ազգը (ժողովրդի մասին չէ խոսքը) այդպես է մտածում: Այժմ պետք է դուրս գալ ու բարձրաձայնել դրա մասին, որ սրանից հետո ոչ մի իշխանություն հանկարծ չփորձի այդ հարցով բանակցել, իսկ այն իշխանությունները, որ  ազգի դիրքորոշումն ունեն, թող իրենց ասածով «դուխով» գնան ու ասեն, որ չեն կարող այդ հարցը քննարկել, որովհետև մեր ազգը դեմ է»:

Մեր հարցին, թե արդյո՞ք հանրահավաքն է միակ միջոցը հարցը բարձրաձայնելու, Արշակ Զաքարյանը պատասխանում է.«Ազգային շահերը անձնական շահերի հետ չպետք է խառնել: Եթե իշխանություններից պահանջները լինեն ազգային, պետականամետ, ոչ թե անձնական շահերից բխող, ընդունելի են հանրահավաքները: Ցանկացած իշխանությունից ժողովրդի 80%-ը անձնական շահ է սպասում, դրա համար էլ մենք ոտքի չենք կանգնում»:

Մարիամ Սարգսյան

Այս թեմայով