Թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտվածը՝ ԱԳՆ-ում խորհրդական

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԳՆ-ում թափուր պաշտոնների համար վերջերս մրցույթ է անցկացվել, որին մասնակցել է մի շատ փորձառու, բանիմաց և անփոխարինելի կադր, ում պարագայում «մրցույթ» բառը զուտ ձևական է, քանի որ իր դեմ խաղ չկա, և ինքը բոլոր մրցույթներից դուրս է։ Խոսքը Հովիկ Աբրահամյանի օգնական-խորհրդականից սահուն Տիգրան Ավինյանի խորհրդականի կարգավիճակով նոր իշխանության մեջ հայտնված, թմրամիջոցներ ներմուծելու համար դատապարտված Ժորիկ (Գեորգի) Մուրադյանի մասին է։

Նա ԱԳՆ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի որոշմամբ ԱԳՆ-ում դարձել է ոչ ավել, ոչ պակաս խորհրդական։ Այս առումով ԱԳՆ-ում լուրջ դժգոհություններ կան, քանի որ մեկ էլ Ժորիկը ԱԳՆ համակարգ էր ընդունվել Հովիկ Աբրահամյանի հովանավորությամբ ու միանգամից նշանակվել Օդեսայում գլխավոր հյուպատոս, որից հետո նորից հանգրվանել էր Հովիկ Աբրահամյանի մոտ որպես խորհրդական։

Գեորգի Մուրադյանի մասին է ոչ պակաս հայտնի Ֆրանկլին Գոնսալես – Նարեկ Սարգսյանը գրել էր. «Ես գիտեմ, թե ինչերի միջով ես անցել, ու վերջապես առաջին քայլը եղավ»: Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի օրոք դեսպանների ու հյուպատոսների ընտրության պրակտիկան՝ չի կարելի բացառել, որ նույն Գոնսալես-Սարգսյանը իր երկու հորեղբայրների միջոցով ազդել է այդ նշանակման վրա։

Գեորգի Մուրադյանի ճակատագիրը այժմ շատ ավելի կանխատեսելի է թվում. որպես դիվանագետ գործուղվելու է Ավինյանի գրասենյակ, իսկ եթե Աստված մի արասցե այնտեղից հեռացվի, իր տաքուկ տեղն ունի մի որևիցե բարեկեցիկ երկրում՝ առնվազն խորհրդականի պաշտոնում, իսկ միգուցե արդեն դեսպանի, քանի որ գլխավոր հյուպատոսի աշխատանքի արդյունավետ փորձ ունի»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Այս թեմայով