Թիրախը կրկին Վարդան Վարդանյանն է

vardԵրեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում երեկ շարունակվել է Ազգային գրադարանում եւ այլ օբյեկտների շինհրապարակներում հավելագրումների կամ հանրահայտ՝ «ատկատների» գործով դատաքննությունը եւ դատարանի կողմից ուշագրավ որոշում կայացվել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական Վարդան Վարդանյանին դատարան կանչելու մասին: Դատական նիստում հարցաքննված վկա, ՀՀ քաղաքաշինության նախարարության ներքին աուդիտի բաժնի պետ Անուշավան Այվազյանը հայտնել է, որ Ազգային գրադարանի  հիմնանորոգման ընթացքում հայտնաբերված չարաշահումների հետ կապված՝ իրականացվել են ակնադիտարկումներ, արդյունքում ակնհայտ է եղել անհամապատասխանություն լամինատի, ինչպես նաեւ դռների ու պատուհանների, կերամիկական սալիկների, կախովի առաստաղների հետ կապված: Դատարանը որոշել է մինչեւ հաջորդ դատական նիստը եւս մեկ անգամ ծանուցել գործով երկու վկաների, այդ թվում՝ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանին: Հնարավո՞ր է ԲՀԿ համագումարում ընդդիմության դաշտում անուղղակիորեն հայտ ներկայացնելուց հետո կրկին «հալածանքներ» իրականացվեն ԲՀԿ-ի հանդեպ։ «Ես տեղյակ չեմ, չգիտեմ, երեք օր առաջ եմ Հայաստան վերադարձել»,- մեզ հետ զրույցում ասաց Վարդան Վարդանյանը եւ պատասխանելով հարցին, թե ԲՀԿ-ի կրկին կերպարանափոխման պատճառով հնարավո՞ր է, որ ինքը վկայի կարգավիճակից անցնի կասկածյալի, ասաց. «Ես արդեն հոգնել եմ էդ թեմայից եւ ամեն ինչ ասել, ավելացնելու բան չունեմ»:

Ի դեպ, այս թեմային առնչվող եւս մի լուր ստացանք երեկ. Վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը  կառավարությունում է եղել: Վարչապետի եւ նախարարների հետ համատեղ քննարկման ժամանակ Զաքարյանը մի քանի գերատեսչությունների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ է ներկայացրել: Դրանք վերաբերել են կրթության եւ գիտության, ինչպես նաեւ քաղաքաշինության ոլորտներին: Մեր աղբյուրներն ասում են, որ նոր «բացահայտումները» եւս պատահական չեն, կապված են ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի վերջին ակտիվացումների հետ՝ ընդդեմ կառավարության: Եվ վերաբերում են քաղաքաշինության ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանի, ինչպես նաեւ կրթության ոլորտի դաշնակցական նախարարների ժամանակաշրջանին:

Գրում է «Հրապարակ» օրաթերթը

Դիտվել է 35 անգամ
 


Այս թեմայով