Home » ԺԱՄԱՆՑ » Թե ինչու հայ զինվորը չսպանեց ադրբեջանցի զինվորներին

Թե ինչու հայ զինվորը չսպանեց ադրբեջանցի զինվորներին

զինվորԷսօր մի դեպք հիշեցի իմ ծառայությունից: Ծառայել եմ ԼՂՀ պաշտպանական բանակում 1999-2001 թվականներին: Մի զինակից ունեի՝ Բորզի մականունով: Շատ արկածախնդիր տիպ էր: Սիրում էր էնպիսի բաներ անել, ինչով հետո կարող էր պարծենալ: Մեկ-մեկ չափազանցնում էր պատմությունները, բայց հնարավոր էր էղածն ավելացրածից տարբերել:

 Միասին էինք պոստ գնում: Ինքը «16»-ում էր, ես` «17»-ում: Մեկ-մեկ սահմանն անցնում էինք, շպալերի նռնակներն էինք հանում, տեղերը փոխում, կարճ ասած՝ ականների ռակիրովկա անում, որ արդեն հին դիրքին սովոր անցնողը վարի գնար (մանր չարություններ էին, որոնց համար դատում են): Մի օր միտք ծագեց մտնել ազերու խրամատ: Բայց մենք մինչև օր ու ժամ էինք որոշում, մեր վաշտի հրամանատարը, վատ հոտ առնելով մեր միասին զբոսանքներից, Բորզիին տեղափոխեց ցերեկային հերթափոխ:

Բայց ազերու խրամատի միտքը Բորզուն հանգիստ չէր տալիս: Մի օր մենակ գնաց՝ առանց որևէ մեկին ասելու: Օրը ցերեկով գնաց ու բարեհաջող վերադարձավ: Հետո պատմում էր մոտավորապես էսպես. «Մտա խրամատ, շների հաչոցներ լսեցի, հետո ջոգեցի՝ տեղը չի փոխվում հաչոցի, ասի՝ կապած են ուրեմն, առաջ գնացի, բլինդաժը գտա, մտա: Ներսը՝ 7-8 հոգի…: Ասի՝ գռռցնեմ կալաշս, էն էլ քնած էին գ**թերը: Ձեռիս կրծած բիբարը խփեցի պատի մեխին ու հելա»:

 Էդտեղ մերոնք սկսեցին խնդալ, թե՝ էլի հորինում ես, մտար ու բան չարի՞ր: Բորզին մի քիչ վիրավորվեց, բայց սովոր էր, որ իրա պատմածներին էդքան էլ չեն հավատում, իրանից գոհ դեմքով հանեց մի հատ թղթի կտոր ու դրեց դեմներս: Շախ ու մատ: Ազերների «карточка огня»ն էր: Դա դիրքի մարտավարական քարտեզն ա, որը լինում ա միայն դիրքի պատասխանատու սպայի մոտ: Էլ կասկած չկար: «Գիտեի, որ չեք հավատալու: Մարդու չասեք՝ կդատվեմ»,- ասեց ու գնաց պառկեց՝ հպարտ դեմքով: Որոշ ժամանակ անց քարտեզը շտաբ էր հասել, հարցուփորձ էին անում, թե որտեղից ու ով ա ձեռք բերել: Էդպես էլ չիմացան: Բորզին էլ, մենք էլ չգիտեինք`իմանալուց հետո կպարգևատրեի՞ն, թե կդատեին սահմանը խախտելու համար:

 Հիմա, որ հիշում եմ էդ խոսքերը՝ «քնած էին գ**թերը», ես էլ եմ հպարտություն զգում: Հասարակ շարքային էր Բորզին, շատ չէր մտածել էդ պահին: Արկած էր իրա համար էդ, հերոսական սխրանքի չէր գնացել: Գիտակցում էր, որ կարող ա խփեն, ատում էր, ոնց որ կատեն թշնամուն, բայց չէր կարող քնած թշնամի սպանել: Դա, մեղմ ասած, պատիվ չէր բերի:

 Եթե անգամ հրմանատարներն իմանային էլ, ամենաշատը, որ կանեին իրա համար, էդ բոլոր չեփեները վրայից հանել ու արձակուրդ ուղարկելը կլիներ… կամ միգուցե ռազմական ոստիկանություն, ի՞նչ իմանաս:

Հիմա, երբ Սաֆարովի մասին եմ կարդում, մտածում եմ, թե ինչ մեղկ ա էն ազգը, որը կարող ա հերոսի կոչում տա մեկին, ով էնքան ռիսկ ա ունեցել, որ քնած թշնամուն համարձակվել ա սպանել, էն էլ՝ ոչ պատերազմական պայմաններում: Եթե հայը քնած ազերի սպաներ Հունգարիայում, կամաչեի, որ տենց անասուն ենք ուղարկել ու խայտառակվել ու ուրախ կլինեի, որ բանտում փտեր: Իսկ թե ոնց էղավ, որ վերադարձավ ու ազատ արձակվեց, թող մտածեն մեր ու Հունգարիայի հեղինակազուրկ իշխանությունները:

 Մի բան էլ. պետք չէր Հունգարիայի դրոշ վառել: Բոլորս էլ կնեղվենք, երբ ուրիշ ազգը մեր դրոշը վառի մեր կաշառակեր իշխանավորների պատճառով: Հիշեք՝ ինչ վիրավորական էր, երբ եվրոպացիք մեր արտգործնախարարին «պոնչ» էին անում: Քաղաքացին ա վիրավորվում իր երկրի դրոշի այրելուց, ծախու իշխանավորն անգամ իր հասցեին էլ դա չի ընդունում:

 Հ.Գ. Երբ կռիվ սկսվի, Սաֆարովի պես «հերոսների» բանակը մինչև սպասի քնենք, մենք արդեն իրենց տանը կլինենք:

«Ով քնած է` արթուն կացեք,

Ով արթուն է` ձիեր թամբեք,

Ով թամբել է զենքեր կապեք,

Ով կապել է` ելեք, հեծեք,

Հետո չասեք, թե մենք քնած,

Դավիթ գող-գող եկավ-գնաց…»

Սասունցի Դավիթ

Մեր հերոսն էսպիսին ա, իսկ ձերը՞:

Գրում է Բաբկեն Նավասարդյանը իր ֆեյսբուքյան էջում

Դիտվել է 11,443 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy