Թեկնածուն ահազանգում է՝ Վանաձորում քարոզարշավն անցնում է խայտառակ խախտումներով

վանաձորՎանաձորի քաղաքապետի ընտրություններում «Համախմբում» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վահան Ղույումչյանը հայտարարություն է տարածել: Դրանում նշվում է, որ քաղաքում քարոզարշավն անցնում է խախտումներով.

«Վանաձորի քաղաքապետ՝ ՀՀԿ-ական Ս. Դարբինյանը քաղաքի հիմնական հրապարակները քարոզարշավի գրեթե բոլոր օրերին տրամադրել է ՀՀԿ-ին։ ՀՀԿ-ն է տնօրինելու Վանաձորի «Հայք» հրապարակը սեպտեմբերի 19-ից մինչև 30-ը (ժամը 14-ից մինչև 22-ը), իսկ «Արցախ» հրապարակը՝ սեպտեմբերի 16-ից 27-ը (ժամը 12-ից մինչև 21-ը): Նշենք, որ այս հրապարակներում են անցկացվում քաղաքի բոլոր բազմամարդ միջոցառումները, այդ թվում և՝ հանրահավաքները:

Այս որոշումը նպատակ ունի քաղաքական մյուս ուժերին զրկել Վանաձորի հիմնական հրապարակներում ընտրողների հետ հանդիպելու հնարավորությունից: Իշխող կուսակցության առաջնորդները խոսում են քաղաքական նոր մշակույթի, առաջընթացի մասին, բայց իրական կյանքում գործում են միջնադարյան նորմերով։ Սա նույնիսկ հայաստանյան չափանիշներով աղաղակող փաստ է։ Ի՞նչ հավասար պայմանների և ազդարարված «նոր սկզբի» մասին կարող է խոսք լինել։

Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, անկախ նրանից՝ մասնակցում են ընտրություններին, թե ոչ, իրենց ձայնը բարձրացնեն և գործուն քայլերի դիմեն՝ այս խայտառակ որոշումը չեղյալ հայտարարելու համար: Դիմում եմ լրատվամիջոցներին՝ կոչ անելով՝ անդրադառնալ այս՝ բառիս բուն իմաստով խայտառակ փաստին», — ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է 274 անգամ
 


Այս թեմայով