Home » ՄԱՄՈՒԼ » Թանկացումներ են սպասվում

Թանկացումներ են սպասվում

kliՄաքսային միություն ընդգրկվելու հետեւանքներն օրեցօր բարձր մակարդակով հրամցվում են հանրությանը: Հիմա էլ քաղաքացիները շոկի մեջ են սպասվող թանկացումներից:

Խոսքն այն մասին է, որ Մաքսային միությանը չանդամակցող երկրներից ներմուծվող ապրանքների գները կտրուկ բարձրանալու են, հատկապես խոսվում է ավտոմեքենաների գների բարձրացման մասին: Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը նախօրեին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ մակերեսային անդրադարձավ հարցին, թե իրենք դեռ աշխատանքներ են ծավալում ապրանքատեսակների ցանկը հստակեցնելու համար: Նա պնդում է, որ  Մաքսային միություն մտնելու դեպքում երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ոչ բոլոր ապրանքները կթանկանան, քանի որ ոչ բոլոր ապրանքների մաքսատուրքերն են փոփոխվելու: Հաշվի առնելով կառավարության մշտապես խոստման ու գործունեության խիստ հակասությունները, դժվար է արժանահավատ համարել կառավարության ներկայացուցչի վստահեցումները: «Ես չեմ բացառում թանկացումներ, բայց ընդհանուր թանկացումները 1.5 տոկոսից ավելի չենք կանխատեսում»,- ասում է նախարարն ու ավելացնում, որ բանակցությունների արդյունքում Հայաստանը հույս ունի արտոնություններ ստանալ որոշ ապրանքատեսակների մասով, եւ որոշ մասով չեն ավելանալու մաքսատուրքերը, բայց դա այն դեպքում, եթե կարողանան  հասնել փոխադարձ համաձայնության: «Բազմաթիվ թվեր կան, թե քանի ապրանքախմբով ենք դիմելու ՄՄ, մենք տարբեր թվեր ունենք, աշխատում ենք հիմնական գործարարների հետ: Այս ցանկը փոփոխական ցանկ է, եւ մենք ամեն օր ստանում ենք տարբեր առաջարկություններ: Ես հուսով եմ, որ վաղը մենք ցանկը կուղարկենք ՄՄ, որպեսզի սկսենք բանակցությունները»,- ասաց Ավանեսյանը:

Նա հույս հայտնեց, որ ապրանքների մեծ մասը, որոնք ՀՀ են ներմուծվում երրորդ երկրներից, կփոխարինվեն տեղական արտադրանքով կամ ՄՄ տարածքի արտադրանքով: Զգայուն ապրանքատեսակները, որոնց մասով Հայաստանը մաքսատուրքերի արտոնություններ է ակնկալում ՄՄ ղեկավարությունից, հիմնականում սննդամթերքն ու դեղորայքն են: «Մենք ամեն ինչ անում ենք, որ ստանանք այդ ապրանքների մասով արտոնություններ, բայց եթե որեւէ ապրանքի գծով չլինի նման համաձայնություն, ապա ՀՀ կառավարությունը փոխհատուցման մեխանիզմներ չի կիրառելու, ես սա հայտարարում եմ: Դա այն բացասական մասն է, որը մենք վերցնելու ենք՝ մտնելով ՄՄ, բայց դա շատ ցածր էֆեկտ է այն էֆեկտների համեմատ, որոնք կունենայինք, եթե չմտնեինք ՄՄ»,- արդարանում է նախարարը: Ու թեեւ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու հետեւանքներն արդեն իսկ քաղաքացիներն զգում ու կանխատեսում են, սակայն կառավարության ներկայացուցիչը շարունակում է թվարկել մեր օգուտները: «Առաջինը՝  տնտեսվարողների համար 7-8 տոկոս ծախսերի նվազեցում է լինելու: Երկրորդ, կառավարության հաշվարկով, Հայաստանում ավելանալու են ներդրումները, որոնք ուղղված են լինելու այն ապրանքների արտադրությանը, որոնք մտնելու են ՄՄ տարածք»: Երրորդ. ՄՄ մտնելով, ըստ նախարարի, մեր տնտեսվարողներն ունենալու են այդ շուկաներում գործելու բարենպաստ պայմաններ՝ ի տարբերություն մեր շատ մրցակից երկրների:

 

ՀԳ. Լավատեղյակ աղբյուրը, սակայն, վստահեցնում է, որ կառավարությունում սարսափում են, երբ խոսք է գնում սպասվող թանկացումների մասին, այժմ ուսումնասիրվում է ՄՄ մտնելու հետ կապված թանկացումների բացվածքը, որն աղետալի հետեւանքներ է ունենալու մեր սպառողների համար: Էլ չենք խոսում ներմուծման որակի կտրուկ անկման մասին. սնունդ կբերվի Հունգարիայից ու Բուլղարիայից, թե Կրասնոդարից, «Պեժո» կվարենք, թե «Ժիգուլի»՝ էական տարբերություն կա:

Գրում է  «Հրապարակ» օրաթերթը

 

Դիտվել է 39 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy