Թանկացումների մասին պետք է ոչ միայն խոսենք, այլ՝ լուծումներ առաջարկենք

Թանկացումների մասին պետք է ոչ միայն խոսենք, այլ՝ լուծումներ առաջարկենք, ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց խորհրդարանի փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

«Մենք տեսնում ենք, որ մեր առաջարկած օրենսդրական նախաձեռնությունները մերժվում են և այն առաջնահերթությունները, որոնց մասին քաղաքական մեծամասնությունը բարձրաձայնում է, լուծում չեն լինելու», — նշեց Մելքումյանը։

ԱԺ փոխնախագահը նաև անդրադարձավ խորհրդարանի աշխատանքին՝ նշելով, որ կառավարությունը պատշաճ բեռնվածությամբ չի ապահովում խորհրդարանում աշխատանքներ կազմակերպելու համար։

«Սեպտեմբերից-դեկտեմբեր մենք քառօրյայի փոխարեն աշխատել ենք եռօրյա։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե այսպես շարունակվի, երկօրյա էլ չենք աշխատելու։ Հիմա կառավարությունն է մոնոպոլ կերպով ձևավորում խորհրդարանի օրակարգը, որովհետև պատգամավորների օրենսդրական նախաձեռնություններն այնքան են մերժում, որ պատագմավորները չեն էլ ուզում օրենքների նախագծեր գրել։ Եթե այսպես շարունակվի, մենք մի օր ենք աշխատելու քառօրյաներին։ Կոչ եմ անում ԱԺ-ին պարտադրել կառավարությանը բերել օրենքների այնպիսի բեռնվածություն, որ մենք կարողանանք նորմալ աշխատել», — նշեց Միքայել Մելքումյանը։

Երեկ մեկնարկած ԱԺ քառօրյան այսօր աշխատանքները ժամանակից շուտ ավարտեց՝ սպառելով օրակարգը։ Վերջինում ընդգրկված հարցերի քննարկումն ավարտվեց ժամը 15։00-ին և նախատեսված 16։00–ի ընդմիջման փոխարեն խորհրդարանն ընդմիջեց աշխատանքները մեկ ժամ շուտ, որպեսզի 16։30-ին Կանոնակարգ օրենքի համաձայն՝ հնարավորություն ընձեռի պատգամավորներին հայտարարություններ անել

Այս թեմայով