Թաղային հեղինակությո՞ւն, թե՞ առողջ սերունդ. «Դա Թոխմախի Մհերի աղջկա մանկապարտեզն է». «Իրատես»

Աստղիկ Սեդրակյան«Իրատես» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ «Իրատեսը» Երեւանի մանկապարտեզներից մեկի մասին նյութ էր տպագրել, որում մասնավորապես նշված էր, որ Էրեբունի համայնքի Նոր Արեշ թաղամասի մանկապարտեզներից մեկում, ինչպես ծնողներն էին ահազանգել, դաստիարակը հոգեպես անհավասարակշիռ կին է, ով, հերիք չէ, սեփական մեթոդներն ունի երեխաներին պատժելու (երբեմն-երբեմն փոքրիկների տրուսիկների մեջ նայելու), նաեւ, ասում են, աղանդավոր է:

«Վերջինս երեխաներին տկլորացնում է ու հոգեբանական ճնշումների ենթարկում, սպառնում, թե տանելու է ծառից կապի: Այս «մեթոդների» պատճառով, ասում են, փոքրիկ տղաներից մեկն այնպիսի վիճակում է, որ առանց բժիշկ-հոգեբանի հազիվ թե կարողանա հաղթահարել ծանր ապրումները»,— ասված էր հրապարակման մեջ:

Պատկան մարմիններին հորդորել էինք հետաքննություն անցկացնել եւ պարզել, թե ինչպես է նման դաստիարակն աշխատանքի ընդունվել մանկապարտեզում: Նյութը մեծ հնչեղություն ունեցավ, տարբեր օղակներից խմբագրություն էին զանգահարում եւ հետաքրքրվում տեղի ունեցածով: Ամենաուշագրավն այն է, որ չնայած մենք ո՛չ մանկապարտեզի թիվն էինք նշել, ո՛չ տնօրենի անունը, բայց պետական գերատեսչությունների աշխատակիցների առաջին արձագանքն այսպիսին էր.«Գիտեք, չէ՞, որ դա Թոխմախի Մհերի աղջկա մանկապարտեզն է»: Սա երկրորդ ահազանգն էր ու նաեւ շատ հարցերի պատասխան:

Իհարկե, վերոնշյալ կառույցները վստահեցրին, որ քննության առարկա են դարձնելու հարցը, բայց նման իրազեկումից հետո ոչ մի ակնկալիք չունեինք, որ տվյալ մանկապարտեզում տեղի ունեցածը ջրի երես դուրս կգա:

Այսուհանդերձ, նյութն անհանգստացրել էր նաեւ ՄԻՊ-ի գրասենյակին, եւ խոստացան գնալ հրապարակման հետքերով: Երեկ մեր հարցմանը, թե ի՞նչ են պարզել ՄԻՊ-ի աշխատակիցները, օմբուդսմենի խոսնակ Զոհրաբ Եգանյանն ասաց. «Մամուլի հրապարակումների հիման վրա, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարականով ՄԻՊ-ի աշխատակիցներն այցելել են տվյալ մանկապարտեզ, տեղում ծանոթացել են մանկապարտեզի պայմաններին, առանձնազրույցներ ունեցել հաստատության տնօրենի եւ երեխաների հետ: Հրապարակման մեջ տեղ գտած երեւույթները չեն հաստատվել: Տեղեկացնեմ նաեւ, որ մինչ այս պահը տվյալ խնդրի կապակցությամբ ՄԻՊ-ի աշխատակազմը այլ ահազանգ չի ստացել»:

Այսպիսի պատասխանը սպասելի ու կանխատեսելի էր: Մենք ավելի «կծանրանանք» վերջին նախադասության վրա՝ ՄԻՊ-ը որեւէ ահազանգ այս առումով չի ստացել: Հազիվ էլ ստանար, քանի որ մանկապարտեզի երեխաների ծնողներն այնքան էին ահաբեկված, որ անգամ նախակրթարանի հասցեն խուսափում էին ասել: Իսկ մինչ այդ նրանք պատրաստակամություն էին հայտնել անձամբ ամեն ինչ պատմել ու հասցեական մեղադրանքներ ներկայացնել: Ընդամենը մի քանի օր հետո ծնողներին «գետնի տակից» էլ չէիր գտնի: Այնուամենայնիվ, մի քանիսին դժվարությամբ գտանք: Վերջիններս խնդրեցին դադարեցնել հետաքննությունը, քանի որ իրենք կարող են «պրոբլեմներ» ունենալ: Համառելն անիմաստ էր: Եթե պատկան մարմինները, որոնց համար պետք է հրապարակումը լուրջ հետաքննության ու մեղավորներին բացահայտելու խթան լիներ, բավարարվում են միայն խմբագրությանը տեղեկացնելով, որ դա Մհեր Սեդրակյանի դստեր մանկապարտեզն է, էլ ի՞նչ սպասես անպաշտպան ծնողներից:

Այսպես են մեզանում բոլոր հարցերը «լուծվում»: Անգամ երեխաների խեղվող հոգեբանությունն այնքան կարեւոր չէ, որքան այս կամ այն թաղային հեղինակության թանին «թթու» չասելը: Արժեքների այսպիսի խեղումը վտանգավոր է, սա սեփական ապագային «հարված» է թիկունքից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 2,061 անգամ
 


Այս թեմայով