Ընտրությունների օրը Արսինե Խանջյանը կգա Հայաստան

արսինեԿանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը Ազատություն ռադիոկայանին ասել է, որ 2017-ի գարնանը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների օրը իր կինը՝ դերասան Արսինե Խանջյանը, լինելու է Հայաստանում:

«Ես էլ կփորձեմ գալ Հայաստան ապրիլին, Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ նույնպես գալու են Հայաստան, ներկա են լինելու, փողոցում են լինելու, ցույց են տալու, որ հետևում են ընտրություններին, որ սա կարևորագույն հնարավորություն է Հայաստանի համար», ասել է Էգոյանը:

Էգոյանն ու Խանջյանը, ինչպես նաև մի շարք սփյուռքահայ գործիչներ, որոնց թվում նշանավոր ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը նախաձեռնել են «Արդարություն Հայաստանում» վերնագրով ստորագրահավաք change.org կայքում:

Ստորագրահավաքի նախաձեռնողները Հայաստանի իշխանություններին հորդորել են խորհրդարանական ընտրություններում ապահովել թափանցիկություն, օրինականություն և հայտարարել, որ մտադիր են ապրիլին ժամանել Հայաստան և հենց տեղում հետևել ընտրությունների ընթացքին։

«Մենք ոչ ենք ասում կոռուպցիային, մենիշխանությանը, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանություններին, կուսակցություններին կառչած քաղաքական գործիչներին, անհավասար իրավունքներին, ազգային բնակչության կրճատմանը, կեղծված ընտրություններին, որոնցից յուրաքանչյուրը հանգեցնում է շարունակական անհնազանդությունների», ասված է ստորագրահավաքի տեքստում:

Էգոյանը Ազատություն ռադիոկայանին ասել է. «Սա քաղաքական նախաձեռնություն չէ, ես որևէ կուսակցության անդամ չեմ, նախաձեռնողներից և ոչ մեկը կուսակցական չէ, մենք ընդամենն ուզում ենք, որ Հայաստանում հաստատվի ժողովրդավարություն: Միայն հայաստանցիներն են ընտրողները, մենք ընդամենը ասում ենք, որ հայաստանցի ընտրողների իրավունքները պահպանվեն։ Միակ բանը, որ մենք՝ Սփյուռքի ներկայացուցիչներս կարող ենք անել՝ հետևել, որ այդ ընտրություններն արդար անցնեն և մարդիկ Հայաստանում ընդունեն այդ ընտրությունների արդյունքները»:

Նախաձեռնության գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ 2016-ի հուլիսին Խանջյանը բերման ենթարկվեց Խորենացի փողոցից, որտեղ նկարահանում էր Սասնա ծռերի հետ կապված իրադարձությունները:

Դիտվել է 179 անգամ
 


Այս թեմայով