Ընդունվեց ճանապարհային խախտումների տուգանքների մեղմացում նախատեսող օրենսդրական փաթեթը

gov-camԱզգային ժողովն արտահերթ նիստում` 84 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը մի շարք դեպքերում առաջարկում է մեղմացնել ճանապարհային խախտումների համար տուգանքները:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաև չտուգանել այն դեպքերում, երբ իրավախախտը խախտումը կվերացնի տեղում:

Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաև տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները:

Բարձրացվում է պատասխանատվությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն:

Նախատեսվում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կազմված վարչական ակտերի բողոքարկման և վերանայման գործընթացի դյուրացում՝ ներդնելով նաև բողոքարկման էլեկտրոնային համակարգ:

Ներմուծվել է նաև վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ, որը հաշվարկվում է՝ սահմանված նվազագույն աշխատավարձը երկու բալ հաշվարկելու միջոցով:

Կանոնակարգվում են ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված վարչական իրավախախտումների գործերով առանձնահատկությունները: Հստակեցվում են տրանսպորտային միջոցների վարձակալության դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտը և դրա հետևանքները:

Բացի այդ, 6 ամսով երկարաձգվել է վարչական իրավախախտումների համար չվճարած քաղաքացիների համաներման ժամկետը՝ նրանց հնարավորություն է տրվում վճարել միայն մայր գումարը՝ ազատվելով ավելացված տուգանքներից:

Դիտվել է 84 անգամ
 


Այս թեմայով