Ընդդեմ Ոստիկանության դատական նիստը հետաձգվեց

ոստիկանություն2015թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Վարչական դատարանում, նախագահությամբ՝ Հ. Այվազյանի, շարունակվեց ըստ հայցի՝ ՀՀ Ոստիկանության՝ ընդդեմ Տարոն Սիրադեղյանի՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Տարոն Սիրադեղյանի՝ ընդդեմ ՀՀ Ոստիկանության՝ ՀՀ Ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին վարչական գործով դատաքննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատական նիստին հակընդդեմ հայցվորի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանը միջնորդություն էր ներկայացրել հավաքի երեք մասնակցի՝ գործով որպես վկա հրավիրելու և հարցաքննելու  մասին, որից հետո դատական նիստը հետաձգվել էր աշխատանքային օրվա ավարտի պատճառով: 2015 թ. սեպտեմբերի 23-ի դատական նիստին ներկա էին պատասխանող և հակընդդեմ հայցվոր Տ. Սիրադեղյանը, վերջինիս ներկայացուցիչը, հակընդդեմ հայցվոր կողմի միջնորդության հիման վրա գործով որպես վկա ներգրավված Ավագ Սարգսյանը, ինչպես նաև Դատարանի նախաձեռնությամբ գործով որպես վկա ներգրավված ՀՀ Ոստիկանության 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ոստիկան Արթուր Կարապետյանը: Սույն գործով հայցվոր և հակընդդեմ պատասխանող ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Աիդա Դեմիրխանյանը հարգելի պատճառով չէր ներկայացել նիստին:: Ինչպես Տ. Սիրադեղյանի ներկայացուցիչը, այնպես էլ նախագահող դատավոր Հ. Այվազյանը, նպատակահարմար համարեցին՝ հետաձգել դատական նիստը՝ կարևորելով վկաների հարցաքննությունը Ա. Դեմիրխանյանի մասնակցությամբ անցկացնելու հանգամանքը: Միաժամանակ, Տ. Սիրադեղյանի ներկայացուցիչը պնդեց իր կողմից նախկինում ներկայացված միջնորդությամբ ևս երկու վկայի սույն գործով հարցաքննելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ վկաները տիրապետում են տեղեկատվության՝ Տ. Սիրադեղյանի՝ ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնից դուրս գալու ժամի վերաբերյալ: Դատարանը բավարարեց ներկայացված միջնորդությունը և որոշեց հաջորդ դատական նիստին որպես վկա հրավիրել նաև հավաքի մասնակիցներ Արսեն Ադամյանին և Անդրանիկ Հովհաննիսյանին: Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը նշանակված է  2015 թ. նոյեմբերի 10-ին՝ ժամը 14:30-ին:

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է 41 անգամ
 


Այս թեմայով