Է. Նալբանդյանը Ստոկհոլմում խոսել է ղարաբաղյան հիմնախնդրի մասին

Ստոկհոլմում պաշտոնական այցելությամբ գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Շվեդիայում առաջատար վերլուծական կենտրոնների՝ Ստոկհոլմի միջազգային խաղաղության ուսումնասիրության կենտրոնի, Միջազգային հարաբերությունների շվեդական ինստիտուտի, Ուպսալայի համալսարանի խաղաղության և հակամարտությունների ուսումնասիրման կենտրոնի, «Յարլ Հյալմարսոն» հիմնադրամի ղեկավարության և բարձրաստիճան դիվանագետների հետ։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպմանն Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, անդրադարձավ հայ-շվեդական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Արտգործնախարարն արժևորել է Շվեդիայի հետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ կարևորելով փոխգործակցությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների և, մասնավորապես, Արևելյան գործընկերության շրջանակներում:

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված համաձայնագրին, դրա շրջանակներում համագործակցության հեռանկարներին:

ԱԳ նախարարը ներկաներին հանգամանալից ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին կովկասյան և հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող իրադարձություններին, միջազգային ասպարեզում գործընթացներին։

Այս թեմայով