Էրդողանի հրավերն անպարկեշտ և թերհաշվարկված քայլ էր. Սերժ Սարգսյան

serjԳալիպոլիի ճակատամարտին նվիրված տոնակատարություններին մասնակցելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կողմից ուղարկված հրավերը անպարկեշտ էր և թերհաշվարկված քայլ, այս մասին այսօր Կառավարության ընդունելությունների տանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Երբ ստացա այդ անպարկեշտ հրավերը, անհրաժեշտ համարեցի անմիջապես և հանրայնորեն պատասխանել Ռեջեփ Էրդողանին, քանի որ ակնհայտ էր, որ հրավերի փաստը կարող է թյուր կերպով հասկացվել և մեկնաբանվել միջազգային լրատվամիջոցների և հանրության կողմից: Կարծում եմ, որ իմ պատասխանը և դրան հետևած միջազգային և հենց Թուրքիայի ներսում տեղ գտած արձագանքները ապացուցում են այդ թերհաշվարկված քայլի սին լինելը»,– ասել է նա:

«Այդ քայլը սին է, ինչպես և ժխտողականության բոլոր դրսևորումները: Ժխտողականությունը ոչ միայն քաղաքական թուլության և անլիարժեքության բարդույթների դրսևորում է, այլև իրավական կատեգորիա: Այն կապում է Թուրքիայի գործող իշխանությունները ցեղասպանության հանցագործությունը կատարած իրենց նախորդների հետ, դարձնում նրանց մեղսակից մարդկության դեմ այդ ծանրագույն հանցատեսակում: Եվ հենց դրանով էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երեկ զբաղված Թուրքիայի Հանրապետությունը»,– ավելացրել Սերժ Սարգսյանը:

Դիտվել է 30 անգամ
 


Այս թեմայով