Էրդողանը քննադատել է ընդդիմադիր գործչին՝ Հայոց ցեղասպանությունն ընդունելու համար

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) Ստամբուլի նահանգային կառույցի նորընտիր նախագահ Ջանան Քաֆթանջըօղլուի թվիթերյան գրառումները երկրում հանրային քննարկումների թեմա է դարձել:

Թուրքական «Dünya» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այդ գրառումներին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը Քաֆթանջըօղլուի՝ «Twiter»-ում առած գրառումներից առանձնացրել է հատկապես Հայոց ցեղասպանության մասին գրառումը:

«Ո՞ւմ ձեռքերում է մնացել Գազի Մուստաֆա Քեմալի կուսակցությունը» հռետորական հարցն ուղղելով՝ Էրդողանը շարունակել է. «Նա (Քաֆթանջըօղլուն-խմբ.), Հայոց ցեղասպանություն արտահայտությունը կիրառելով, նսեմացնում է մեր ազգն ու պատմությունը: Պետության էլ սերիական մարդասպան է անվանում: Ահաբեկչության ժամանակ մահացածների մեղքն էլ է պետության վրա դնում»:

Էրդողանն անդրադարձել է նաև Գեզի զբոսայգու ցույցերի ժամանակ Քաֆթանջըօղլուի՝ ցուցարարներին աջակցող գրառմանը՝ այն սադրանք անվանելով:

Ըստ Էրդողանի՝ Քաֆթանջըօղլուի՝ ԺՀԿ Ստամբուլի նահանգային կառույցի նախագահի պաշտոնում ընտրվելն իսկական «աղետ» է:

Հիշեցնենք, որ Քաֆթանջըօղլուն Հայոց ցեղասպանության մասին գրառումը կատարել էր 2012թ. ապրիլի 24-ին: Նա «Twiter»-ում գրել էր. «Այսօր Հայոց ցեղասպանության օրն է: Մենք այսօր Թաքսիմում ոգեկոչում ենք կոտորված մեր հայ քաղաքացիների հիշատակը»:

 


Այս թեմայով