Էրդողանը սպառնացել է Հայաստանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տարածաշրջանային տնտեսական նախագծերից հետագա դուրսմղմամբ է սպառնացել Հայաստանին: Այդ մասին նա հայտարարել է երկրի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համաժողովի ժամանակ, գրում է թուրքական Haberler լրատվամիջոցը:

Ինչպես նշել է Էրդողանը, «հայկական սփյուռքի ճնշման տակ պաշտոնական Երևանը շարունակում է փակ պահել Թուրքիայի հետ բարեկամության դռները»:

«Արդյունքում՝ Հայաստանը դուրս է մղված տարածաշրջանում տրանսպորտային, առևտրային և էներգետիկ նախագծերից: Եվ ավելին, այն շարունակում է մնալ և մնալու է մեկուսացման մեջ»,- ասել է նա՝ հավելելով, որ ի հակակշիռ Հայաստանի՝ Վրաստանը դարձել է մի կողմից Թուրքիայի և Արևմուտքի, մյուս կողմից՝  Կովկասի տարածաշրջանի և Միջին Ասիայի միջև կամուրջ:

«Այս երկու օրինակները շատ ցուցադրական են: Մեզ հետ բարեկամություն անողը ձեռք է բերում, իսկ ոխ պահողը՝ կորցնում»,- ընդգծել է Թուքիայի նախագահը:

Նա նաև նշել է, որ Վրաստանի և այլ հարևանների հետ սերտ համագործակցությունը ցույց է տվել Անկարայի ցանկությունը՝ կարգավորել հարևանների հետ իր հարաբերությունները:

 


Այս թեմայով